Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանյուել, ընդունեք խնդրեմ իմ անկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի պատասխանատու առաքելության մեջ իմ և հայ ժողովրդի անունից մաղթում եմ Ձեզ աննկուն կամք, ուժ և անսասան հավատ՝ ֆրանսիացի ժողովրդին դեպի հաղթական նոր հորիզոններ առաջնորդելու համար։ Վստահեցնում եմ, որ այդ բարձր առաքելության գործում Հայաստանը կանգնած է Ձեր և բարեկամ Ֆրանսիայի կողքին՝ պատրաստ պաշտպանել մեզ միավորող համատեղ արժեքները, համընդհանուր իրավունքները և քաղաքակրթական ժառանգությունը»։
Փաշինյանը Մակրոնին շնորհավորում է նաև Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում։ «Թույլ տվեք հույս հայտնել, որ գալիք տարին մեր բարեկամ ժողովուրդներին կպարգևի նոր նվաճումներ՝ ի շահ Հայաստանի ու Ֆրանսիայի համատեղ բոլոր ծրագրերի հաջողության», - ասված է ուղերձում, որն ստորագրված է՝ «Եղբայրաբար՝ Նիկոլ Փաշինյան»:
Այսօր լրացավ Ֆրանսիայի նախագահի ծննդյան 44-ամյակը։
Նրան շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահը` հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կնպաստեն հայ-ֆրանսիական ընդգրկուն օրակարգի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը։
«Հայաստանը բարձր է գնահատում տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետևողական ջանքերը և, մասնավորապես, Ձեր անձնական ներգրավվածությունը:
Առանձնահատուկ գնահատականի է արժանի Ֆրանսիայի ուշադրությունը հայ ռազմագերիների, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած պատմամշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև արցախահայությանն ուղղված կարևոր օգնության տրամադրման հարցերին», - ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում: