Վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն երեք օր է շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների ղեկավարներից։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ երեկ շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, նշելով, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից:
Ըստ ԱՄՆ նախագահի, վերջին երեք տարիներին Հայաստանը վերը նշված կետերով առաջընթաց է գրանցել։ Ջո Բայդենը հայտնել է՝ Միացյալ Նահանգները շարունակելու է լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու գործում։
Բայդենն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին՝ հայտնելով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ ԱՄՆ նախագահը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում։
ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձում չի շրջանցել նաև հայ ռազմագերիների հարցը. «ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների»:
ԱՄՆ նախագահը հայտնել է Հայաստանի հետ համագործակցության սերատացման պատրաստակամության մասին՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա։ Բայդենն ակնկալում է աշխատել վարչապետ Փաշինյանի ու նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու երկկողմ հարաբերությունները։
Վարչապետ նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին երեկ շնորհավորել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա մասնավորապես նշել է՝ Գերմանիան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Ըստ Անգելա Մերկելի, Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնել է լուրջ մարտահրավերների և անորոշությունների շրջանում. «COVID-19-ի համավարակը մեզանից աննախադեպ միջոցներ է պահանջում։ Գերմանիան՝ որպես հուսալի գործընկեր, պատրաստ է այսուհետև ևս ուղեկցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին»։
Ավելի վաղ Փաշինյանին շնորհավորել էին ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը։
Ըստ Հայաստանի կառավարության՝ Մակրոնը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման իրականացումը: Այս մասին, սակայն, պաշտոնական Փարիզի հաղորդագրությունում չի հիշատակվում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր շնորհավորական ուղերձում հույս է հայտնել՝ Փաշինյանի ղեկավարած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ ուժային կենտրոններից ստացված ուղերձներում ակնհայտ են տարածաշրջանային կայունության ու խաղաղության վերաբերյալ ազդակները և դրան աջակցելու պատրաստակամությունը:
«Իհարկե, այստեղ անկասկած է, որ յուրաքանչյուր ուժային կենտրոն ունի այդ հարցի վերաբերյալ իր պատկերացումը, աջակցության իր տրամաբանությունը, զարգացման իր տեսլականը, բայց ընդհանուր առմամբ կա այդ գերակա թեման գործնականում բոլոր շնորհավորանքներում, լինի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանի և այլն», - ասաց Բադալյանը:
Արևմուտքից եկող շնորհավորանքներում, Բադալյանի խոսքով, կարևորվում են նաև Հայաստանի ժողովրդավարական զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր շնորհավորել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ նշելով, որ բարձր են գնահատում Հայաստանի ներդրումը ՀԱՊԿ գործունեությունում և ակնկալում են, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը կնպաստի Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել նաև Արգենտինայի, Ղազախստանի, Բելառուսի, Թուրքմենստանի նախագահներից, Վրաստանի ու Ուկրաինայի վարչապետերից։