Ախուրյանում և Ամասիայում համայնքապետեր ընտրվեցին ընդդիմադիր թեկնածուները, թեև քվեների մեծամասնությունը ՔՊ-ն էր ստացել

Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը

Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Շիրակի մարզի 4 խոշորացվող համայնքներում հավաքել էր առավելագույն ձայներ, սակայն 2-ում՝ Ամասիայում և Ախուրյանում համայնքային իշխանություն չկարողացավ ձևավորել: «Քաղպայմանագրի» թեկնածուները կղեկավարեն մյուս երկու՝ Արթիկ և Աշոցք համայնքները։

Հետընտրական զարգացումները հատկապես հետաքրքիր էին Ամասիայում։ Այստեղ ՔՊ-ն մոտ 39 տոկոս էր ստացել և առանց կոալիցիայի իշխանություն չէր կարող ձևավորել, սակայն քանի որ համագործակցությունը մասնակից մյուս ուժերի հետ չստացվեց, ՔՊ-ի ցուցակով ընտրված ավագանու անդամները Վեդիի օրինակով հրաժարվեցին մանդատներից՝ հույս ունենալով, որ նոր ընտրություններ կնշանակվեն։ Բայց պարզվեց, որ նրանք պարզ մաթեմատիկական հաշվարկը սխալ էին արել։

Համաձայն Ընտրական օրենսգրքի` եթե ավագանու կազմի 50 տոկոսից ավելիի մանդատները կան, ավագանին շարունակում է գործել։ Արդյունքում Ամասիան կղեկավարի գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանը։ «Նրանք օրենքը ճիշտ չէին մեկնաբանում, ՏԻՄ օրենքով, ճիշտ է, ավագանին կազմավորվում է 2/3-ով, սակայն Ընտրական օրենսգրքով եթե հավաքել են կուսակցությունները 50+1 մանդատ: Իսկ մենք և Հանրապետական կուսակցությունը միասին ունենք 50+1, նույնիսկ մի քիչ էլ ավելի ձայներ, որը և հնարավորություն տվեց, որպեսզի ավագանին կայանա», - ասաց նա «Ազատության» հետ զրույցում:

Ախուրյանի ավագանու նիստը` լարված մթնոլորտում

Այսօր բավականին լարված մթնոլորտում անցավ Ախուրյանի ավագանու առաջին նիստը։ Համայնքապետարանը շրջապատված էր ոստիկաններով, հսկողություն էին իրականացնում նաև շենքի ներսում։ Նիստին ներկա էին ընդդիմադիր և իշխանական պատամավորներ։

Ախուրյանում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» 48 տոկոս էր հավաքել, համայնքի ղեկավար ընտրվեց 28 տոկոս քվե ստացած դաշնակցական Արծրուն Իգիթյանը։ 25 տարի համայնքը ղեկավարած Իգիթյանը կշարունակի ևս 5 տարի պաշտոնավարել: Դաշնակցական մյուս ընկերոջ` «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Կարեն Արշակյանի հետ կնքած հուշագրի շնորհիվ: Իգիթյանի օգտին քվեարկեց ավագանու 14 անդամ,` իսկ ՔՊ թեկնածու Ալբերտ Այվազյանի` 13:

Նիստը վարող ամենատարեց ավագանու անդամը ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն էր: Նրա կարծիքով` օրենքի բաց կա. ինչո՞ւ պետք է առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժը կորցնի համայնքային իշխանություն ձևավորելու հնարավորությունը:

«Նախկին օրենքով կոալիցիա կազմելու իրավունք ուներ միայն առաջին տեղ ընկած քաղաքական ուժը, հիմա չկա, և բանից պարզվում է, որ 48 տոկոս ձայն հավաքած, ժողովրդի քվեն ստացած կուսակցությունը դուրս է մնում իշխանությունից, և իշխանության է գալիս մի մարդ, որն ընդամենը հավաքել է ազգաբնակչության 28 ու քանիս տասնորդական տոկոսը: Այս օրենքի բացը պետք է իշխանությունները կանոնակարգեն ու լուծում տան: Ժողովրդի կողմից անընդունելի է», - ասաց Ալբերտ Այվազյանը:

«Երկիր ծիրանի» ու «Համերաշխություն» կուսակցությունների «Ախուրյան» դաշինքով ընտրություններին մասնակցած Արծրուն Իգիթյանն ասում է` թեև Ախուրյանում իշխանությունն անցավ ընդդիմության ձեռքը, բայց ինքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ խնդիրներ չի տեսնում:

«Ես որևիցե արտառոց բան չեմ տեսնում, ես օրենքի մարդ եմ, օրենքի տառն ու կետը պահելու եմ, աշխատելու եմ օրենքի շրջանակներում և որևիցե խնդիր իշխանությունների հետ, ընդդիմության հետ, ցանկացածի հետ որևէ խնդիր չեմ տեսնում», - հավաստիացրեց նա:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել էր նաև մարզկենտրոն Գյումրիում, սակայն քաղաքապետի հետ կնքված հուշագրով Հայաստանում իշխող ուժին բաժին հասան երկու փոխքաղաքապետերի պաշտոնները։