Ակտիվ աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ

Տրանսպորտային ապաշրջափակման հարցում առաջխաղացման մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են երկու օր առաջ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո։

«Ադրբեջանը կարող է լիովին նոր հնարավորություններ ստանալ Ասիայի և Եվրոպայի շուկաները կապելու համար», - Բաքվում կայացած «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» խորագրով համաժողովում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով նաև տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից։

Պաշտոնական Մոսկվան ու Բաքուն պարբերաբար հայտարարում են, որ մտադիր են է'լ ավելի խորացնել առևտրատնտեսական կապերը։ Այսօր դրա համար հետպատերազմյան տարածաշրջանում, Օվերչուկի խոսքով, նոր հեռանկար է բացվում. - «Այստեղ մենք կարող ենք միասին աշխատել և հասնել համատեղ հաջողությունների։ Ռուսաստանի ներդրումներն Ադրբեջանում հասել են 4,5 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանինը՝ Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ դոլարի։ Ռուսական բիզնեսը շահագրգռված է աշխատել Ադրբեջանում, և կան լավ հեռանկարներ երկաթուղիների զարգացման և ստեղծման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների, լոգիստիկայի զարգացման համար։ Այժմ մեզ համար հյուսիսը հարավին և արևմուտքն արևելքին կապելու նոր հնարավորություններ են բացվել: Այստեղ կարող է հաղթել ԵԱՏՄ ողջ տարածաշրջանը»։

Օվերչուկը հայտնել է նաև, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։

Դեկտեմբերի 1-ին, հիշեցնեմ, Մոսկվայում կայացել էր եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը, որի արդյունքներով ակնկալվում էր հայտարարություն և որոշ փաստաթղթերի ստորագրում։ Համենայն դեպս, ավելի վաղ Սոչիում կայացած Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ պայմանավորվածությունների մանրամասները կհայտնեն հենց այս նիստի շրջանականերում։ Նիստը կայացել էր, սակայն հայտարարություններ չեն եղել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխվարչապետերի մոսկովյան հանդիպմանը «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել». Արմեն Գրիգորյան

Տրանսպորտային ապաշրջափակման հարցում առաջխաղացման մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են երկու օր առաջ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում

Վերադառնամ, սակայն, Բաքու։ Այսօր Ռուսաստանի փոխվարչապետն Ադրբեջանի մայրաքաղաքում խոսել է նաև Եվրասիական տնտեսական միությունում Ադրբեջանին որպես դիտորդ հրավիրելու գաղափարի մասին, որն ավելի վաղ առաջարկել էր Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մեծ բարեկամ, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Օվերչուկը մասնավորապես, այսօր ասել է, որ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը թույլ կտա Ադրբեջանին ավելին ստանալ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունից։ Երեկ, հիշեցնեմ, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե «ԵԱՏՄ-ի հետ Ադրբեջանի երկխոսության զարգացումը կնպաստեր տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը»։

ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին ռուսական կողմը զգուշավորությամբ խոսում էր դեռևս մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմը, վերջին օրերին այս թեման նորից հայտնվել է ռուս-արդբեջանական հարաբերությունների օրակարգում։ Համագործակցության բանաձևն այս անգամ ԵԱՏՄ կնքահայր Նազարբաևն է առաջարկել՝ հրավիրել Ադրբեջանին որպես դիտորդ։

Պաշտոնական Բաքուն առայժմ լռում է։ Փոխարենը Ադրբեջանի նախագահը Բրյուսելում եվրոպացիների հետ շփումներում հայտարարում է, թե Ադրբեջանը նույնիսկ էներգակիրների եվրոպական շուկայի հարցում չի կարող լինել Ռուսաստանի մրցակիցը։ Իսպանական «Էլ Պաիս» թերթին տված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է. - «Այս տարի մենք արդեն Եվրամիություն ենք արտահանել ավելի քան 7 միլիարդ խորանարդ մետր գազ, հաջորդ տարի նախատեսում ենք արտահանել 9 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2023 թվականին՝ 11 միլիարդ խորանարդ մետր։ Ադրբեջանն ունի բնական գազի հսկայական պաշարներ։ Մենք Եվրոպա բնական գազի մատակարարման ավելի կարճ ճանապարհ ունենք, քան ավանդական ուղիները, մեր աղբյուրը նոր է եվրոպական շուկայում»։

Միևնույն ժամանակ, Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանի և Ռուսաստանի միջև չկա մրցակցություն եվրոպական էներգետիկ շուկայի հարցում։

Ու թեև այդ մրցակցությունն ակնհայտ է, սակայն ո'չ պաշտոնական Մոսկվան, ո'չ էլ պաշտոնական Բաքուն սրա մասին չեն խոսում։ Փոխարենը ընդգծում են, որ ուզում են ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև է'լ ավելի խորացնել և հասցնել մինչհամաճարակային մակարդակին։ 2021 թվականի տասը ամսում ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև աճել է 7 տոկոսով և կազմել 2 մլրդ 350 մլն դոլար։ 2019-ին այն հասնում էր 3 միլիարդի։ Բացի այս, ռուսական ընկերությունները ներկայացրել են 13 նախագիծ՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածներում իրականացնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ հավելելով, որ նման նախագծերից մեկը (ԿԱՄԱԶ ընկերության նախագիծը) արդեն նախապատրաստական աշխատանքների փուլում է։