ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
«Մենք ողջունում և վճռականորեն աջակցում ենք Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունները կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու վերաբերյալ»,- Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Պաշտոնական Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, նախօրեին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը, սակայն, չի մանրամասնել` երբ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը, երբ են սկսելու աշխատել այս ուղղությամբ, և ովքեր են լինելու այդ ներկայացուցիչները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դրական է գնահատել Չավուշօղլուի հայտարարությունը և հաստատել՝ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակվի: Պաշտոնական Երևանը ևս, սակայն, այլ մանրամասներ չի հաղորդում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Թուրքիան շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն. Չավուշօղլու ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանը «դրական է գնահատում» Թուրքիայի հայտարարությունը, «ևս հատուկ ներկայացուցիչ կնշանակի»