Ալիևը «Զանգեզուրի միջանցքը» համեմատում է Լաչինի հետ, Փաշինյանը՝ հակադարձում

Հայաստանի վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը, Բրյուսել, 14-ը դեկտեմբերի, 2021թ.

Մի քանի ժամից նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրոպական խորհրդի ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։

Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ Ալիև-Միշել հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային, հումանիտար ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ։ Բացի այդ, հաղորդվում է, որ կողմերը խոսել են, թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել Եվրամիությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի ղեկավարն անդրադարձել են նախատեսված եռակողմ հանդիպմանը` կարևորելով երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը: Նրանք արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Նշվում է նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել է Եվրամիության պատրաստակամությունը` ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը:

Ալիևը Երևանից «զանգեզուրյան միջանցքի» անարգել մուտք է պահանջում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Ադրբեջանի նախագահն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»` հայտարարելով, թե այն «պետք է գործի Լաչինի միջանցքի պես»:

«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։ Այդպիսով, սա պարտավորություն է Հայաստանի համար»,- հայտարարել է Ալիևը` շարունակելով․ «Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցել ճանապարհներ և ավտոճանապարհներ դեպի Նախիջևան»։ «Բայց ճշգրիտ երթուղին, ճանապարհը դեռևս որոշված չէ, սա ապագա բանակցությունների հարց է։ Այսօր եռակողմ հանդիպմանը մենք անպայման կքննարկենք այդ հարցը»,- հավելել է Իլհամ Ալիևը։

«Զանգեզուրի միջանցքը» միջանցք է ոչ միայն մեզ համար։ Ադրբեջանը մուտք է ստանում դեպի Նախիջևան: Այն անհրաժեշտ է նաև Հայաստանին Իրանի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության համար։ Այնպես որ, դա իսկապես դրական մթնոլորտ կստեղծի», - պնդել է Ադրբեջանի ղեկավարը:

«Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը». Փաշինյան

Բաքվի այս մոտեցումը Երևանն անընդունելի է համարել: «Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը», - ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Հայաստանի վարչապետը` շարունակելով. «Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որևէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար»։

Փաշինյանն ընդգծել է, որ այս դիրքորոշումը հստակ կարտահայտի կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում։

Բրյուսելյան հանդիպումը կարևոր նշանակություն ունի. Ադրբեջանում ԵՄ դեսպան

Մինչ այդ, Բաքվում Եվրամիության դեսպան Պետր Միխալկոն այսօր հայտարարել է, որ բրյուսելյան հանդիպումը կարևոր նշանակություն ունի, քանի որ Եվրամիությունն ամենաբարձր մակարդակով հստակ ցույց է տվել իր քաղաքական մասնակցությունն ու նվիրվածությունը տարածաշրջանին։

Նա ավելացրել է, որ Եվրամիությունը` որպես անաչառ միջնորդ, պատրաստ է աջակցել վստահության մթնոլորտի ստեղծման գործընթացին՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Եվրամիության բարձրաստիճան մի պաշտոնյա՝ անանուն մնալու պայմանով, ավելի վաղ «Ազատությանը» մանրամասներ էր փոխանցել երեկոյան կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ Ըստ նրա՝ Բրյուսելում ամեն ինչ անելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մակարդակը բարձրացնելու համար՝ հիմնվելով երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատված ուղիղ շփման վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նախարարները խոսում են, թե չեն խոսում՝ ի՞նչ է փոխվում. սահմանին կան զոհեր, գերիներ». Սամվել Բաբայան

Ավելի վաղ Եվրամիության աղբյուրը «Ազատությանը» հայտնել էր նաև, որ Շառլ Միշելի նախաձեռնության նպատակն է «որոշակի վստահություն հաստատել կողմերի միջև` դրան նպաստող միջոցառումներով, հատկապես` հաղորդակցության ոլորտում»: Խոսքը, ըստ եվրոպացի դիվանագետի, վերաբերում է «տրանսպորտային միջանցքներին Լեռնային Ղարաբաղում կամ դեպի Լեռնային Ղարաբաղ, որոնց համար Եվրամիությունը կարող է ֆինանսավորում տրամադրել: «Ծրագրեր, որոնց իրագործմանը պետք է մասնակցեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը»:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը վաղը կընդունի համատեղ հռչակագիր

Եռակողմ հանդիպումից հետո՝ արդեն վաղը, Եվրամիության 4 տարին մեկ անցկացվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովը կընդունի համատեղ հռչակագիր։ Փաստաթղթի նախագիծն արդեն շրջանառվում է։ Դրանում ոչինչ նշված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, սակայն ընդհանուր անդրադարձ կա չլուծված հակամարտություններին։ Մասնավորապես նշված է, որ «Եվրամիությունը կաջակցի չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, վստահության ամրապնդմանը և հաշտեցման ջանքերին, աջակցություն կտամադրվի հակամարտություններից տուժած բնակչությանը»։

Վաղը մեկնարկելիք գագաթնաժողովին մասնակցում են Արևելյան գործընկերության ծրագրի 6 մասնակիցներից 5-ի ներկայացուցիչներ՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի և Ադրբեջանի, Բելառուսը բացակայում է։ Ծրագրի 6 երկրներից 3-ը ստորագրել են Ասոցացման պայմանագրեր միության հետ, նրանց քաղաքացիները ստացել են առանց վիզաների Միություն այցելելու հնարավորություն: Իսկ Հայաստանը ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել այս տարվա մարտից։

Վաղն ընդունվելիք հռչակագրի նախագծում նաև նշված է, որ ԵՄ-ին ոգևորում է ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, ողջունում են մինչ օրս եղած առաջընթացը և խրախուսում պայմանավորվածությունների ամբողջական իրականացումը՝ հույս հայտնելով, որ դա կհանգեցնի գործընկերության նոր մակարդակի: