Այսօր առավոտյան հազարավոր երևանցիներ փաստի առաջ կանգնեցին՝ տրանսպորտ չկար։ Պատճառը մի շարք երթուղիների, այդ թվում երեկ երթուղի մտած նոր ավտոբուսների վարորդների գործադուլն էր. նրանք աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում։
«Նենց չի, որ ոնց որ ժողովուրդն ա ասում՝ հարյուր դրամանոց կիլլերները հելան։ Չէ, շոֆերը կիլլեր չի, էդ հարյուր դրամին թքած ունենք։ Մեզ նորմալ աշխատավարձ տան, նորմալ սպասարկենք», - ասում է վարորդներից մեկը։
Արդեն ֆիքսված՝ 15 օրվա համար մաքուր 260 հազար դրամ աշխատավարձ ստացող վարորդները նեղսրտում են, թե իրենց աշխատավարձը ցածր է, ասում են՝ նախկինում օրական պլանով աշխատելիս ավելի բարձր եկամուտ էին ունենում, թեև ավելի շատ էին աշխատում։ Դժգոհում են, թե այդ գումարը բավարար չէ ընտանիք պահելու համար, պատրաստ են ավելի երկար աշխատել միայն ավելի շատ գումար ստանան։
Վարորդները նաև ապահովագրության, գազալցակայաններից օգտվելու կարգի վերաբերյալ հարցեր են բարձրացնում. - «Մեքենաների Կասկոն, մեր բժշկական ապահովագրությունը, գազի զապրավկի հարցը լուծեն։ Մենք չեք ենք ուզում, որ ասենք աշխատանքս պրծել ա, պարտադիր չի, որ էթան տենդեր շահած Նորքում զապրավկա անեմ»։
Ավոտոբուսների հավաքակայան վարորդների հետ բանակցությունների էր եկել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, մի քանի ժամ անց պարզվեց, որ ընդհանուր հայտարարի են եկել, և ավտոբուսները երթուղի դուրս եկան։
Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով, քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում ներկայացրել են վարորդների բարձրացրած հարցերի լուծման բանալիները, ինչից հետո նրանք երթուղի են դուրս եկել։ Իսկ «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։
Քաղաքապետարանը տարօրինակ է համարում, որ վարորդները խնդիրները լուծելու համար այս տարբերակն էին ընտրել։
«Էնպես չէ, որ վարորդները շարունակաբար էդ խնդիրները բարձրացրել են ու էդ խնդիրները անհետևանք են մնացել։ Թե' վարորդների բարձրաձայնման արդյունքում, թե' ուղղակի ընթացիկ աշխատանքների ընթացքում էդ խնդիրներով զբաղվել ենք», - ասաց Կարապետյանը։
Վարորդների գործադուլին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» քաղաքապետին քննադատող «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերնագրով հոդվածը։ Ըստ այդ հրապարկման, քաղաքապետը փոխել է ճամբարը, անգամ հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Վերջին ամիսներին պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե Մարությանի ու իշխանությունների հարաբերությունները լարված են։
Վարորդների ակցիային զուգահեռ խորհրդարանում Հայկ Մարությանի մասին էին խոսում։ Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանն ասաց, որ Մարության-Քոչարյան հանդիպում տեղի չի ունեցել. - «Առհասարակ կարծում եմ, երբ ԶԼՄ-ն նման տեղակ գնահատականներ է հնչեցում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե մի քիչ ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը»։
Իսկ շեղվե՞լ է արդյոք Մարությանը հեղափոխությունից։ Իշխանական պատգամավորները խուսափում են այս հարցին ուղիղ պատասխանելուց և հորդորում քաղաքապետին դիմել։ Միայն ասում են՝ նրան ժամանակից շուտ փոխելու մտադրություն չունեն։
Ինքը՝ Հայկ Մարությանը չի մեկնաբանել իր և իշխանության լարված հարաբերությունների մասին լուրերը։ Նրա խոսնակն այսօր չցանկացավ արձագանքել «Հայկական ժամանակի» հրապարակմանը՝ ասելով, թե դեղին մամուլի ոճով արված հրապարակումները չեն մեկնաբանում։