«Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Ամփոփելով մայրաքաղաքի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա ցույցերի, ապա դրանց դադարեցման հետ կապված իրադարձությունները՝ քաղաքապետարանը նշում է, որ վարորդների աշխատանքային պայմանները բարելավելու խնդիրն իրենց օրակարգում է, և որ տրանսպորտի բարեփոխման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են:
Երևանի ավտոբուսների մի շարք երթուղիների վարորդներ այսօր աշխատանքի դուրս չէին եկել։ Նրանք առավոտից հավաքվել էին Ջրվեժի ավտոկայանում, աշխատավարձի բարձրացում և առհասարակ պայմանների բարելավում էին պահանջում՝ նշելով` երկրում թանկացումներ են, հետևաբար իրենց եկամուտն էլ նվազել է։
Քաղաքապետարանը «սաբոտաժ» էր որակել վարորդների գործադուլը։ Քաղաքապետարանի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո վարորդները դադարեցրեցին գործադուլը` վերադառնալով աշխատանքի: