Նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած մի շարք պատասխանատու զինծառայողներ կալանավորվել են

Նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած մի շարք պատասխանատու զինծառայողներ կալանավորվել են, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, պարզվել է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հակառակորդ ուժերը հարձակում են գործել Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում տեղակայված թվով 3 մարտական դիրքերի ուղղությամբ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված N դիրքի պատասխանատուն, N դիրքի ավագը և երկու դիտորդները խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված մարտական հերթապահության կրման կանոնները։

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները, ըստ հաղորդագրության, տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, ունենալով զենք կիրառելու իրավասություն, հակառակորդի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն, փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած զինծառայողների հետ, ովքեր փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնողներին։ Դիրքերի անձնակազմը թողել է մարտական դիրքերը և դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր, փախուստի դիմած դիրքերի ընդհանուր 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են:

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ նրանցից Գուրգեն Աշոտի Սարգսյանի, Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի և Դավիթ Հելբերտի Ամիրյանի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, 7 զինծառայողներ (այդ թվում՝ վերոնշյալ 4 անձինք) նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին վերադարձվել են հայկական կողմին, 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։

Դեկտեմբերի 6-ին նշված N մարտական դիրքի պատասխանատու, լեյտենանտ Ս.Ա.-ն, N դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ա.Ա.-ն, դիտորդներ Ռ.Ն.-ն և Ա.Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կասկածանքով ձերբակալվել են։

Դեկտեմբերի 8-ին և 9-ին վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Միջնորդությունները դատարանի կողմից բավարարվել են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատարանը բավարարել է Հայաստան վերադարձված գերիներից երկուսի կալանավորման միջնորդությունը

Բացի այդ, նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Ն.Ե.-ն խախտել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որոնք գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, դիրքում մնացած 13 զինծառայողներ գերեվարվել են հակառակորդի կողմից, մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:

Գերեվարված զինծառայողներից Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, 4 զինծառայողներ (այդ թվում՝ մայոր Ն.Ե.-ն) դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից վերադարձվել են հայկական կողմին, դիրքում մնացած 7 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։

Դեկտեմբերի 6-ին մայոր Ն.Ե.-ն ձերբակալվել է, վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից մերժվել է։ Դատարանի որոշումն ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու նպատակահարմարության հարցը քննարկելու միջնորդությամբ։

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ նույն զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու հանդիսացող գումարտակի հրամանատարի պաշտոնակատարին և N մարտական դիրքի դիտորդին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Վարույթն իրականացնող մարմինը ներկայացնում է նաև, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված նշված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը հակառակորդի ուժերի հարձակման և գերեվարման փորձի պայմաններում չի հանձնվել հակառակորդին և քաշելով նռնակի օղակը՝ պայթեցրել է իրեն։