Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր Մոսկվայում հանդիպել է հայ պաշտոնակցի՝ Վահե Գևորգյանի հետ։
«Վստահաշատ և կառուցողական միջավայրում քննարկվել են երկկողմ, ինչպես նաև՝ միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցեր», - տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր Մոսկվայում կայանալու է տարածաշրջանային նոր հարթակի՝ «3+2»-ի առաջին՝ նախնական հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով։
Հայկական կողմը դեռ պաշտոնապես չի հաստատել՝ արդյոք Գևոգյանն է ներկայացնելու Երևանն այդ բանակցություններում։ Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը հանդիպմանը ներկայացնելու է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը, սակայն թե որ փոխնախարարը՝ չէր հստակեցրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում վաղը կայանալու է «3+3»-ի առաջին հանդիպումը. Վրաստանը չի մասնակցելուԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեկտեմբերին կայանալիք «3+3» ֆորմատի նախանիստին Հայաստանը կներկայացնի արտաքին գործերի փոխնախարարը
«3+3» ձևաչափը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որը կընձեռի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորություն: Վրաստանը մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ: Հայաստանը շեշտում է՝ այդ ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են ուրիշ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։