Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի տարածքից Վրաստան է հասել Ուկրաինայի ուժային կառույցների նախկին բարձրաստիճան պաշտոնյայի օգնությամբ, այս մասին հայտարարել է գործը քննող դատախազ Լևան Վեպխաձեն։ Ուկրաինացի նախկին պաշտոնյայի անունը նա չի հայտնել։
«Մանրամասն հստակեցվել է, այդ թվում` այն, թե ով է նրան օգնել Ուկրաինայի տարածքում. նա նախկին կառավարության ուժային կառույցներից նախկին բարձրաստիճան պաշտոնյա է, որն օգնել է Միխեիլ Սաակաշվիլիին սահմանի ապօրինի հատման հարցում»,- լրագրողներին հայտնել է դատախազ Վեպխաձեն։
Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր մեկնարկել է Վրաստանի երրորդ նախագահի դեմ հարուցված՝ սահմանի ապօրինի հատման գործով լսումները։ Քաղաքական գործիչը, որը 50-օրյա հացադուլից հետո բուժման կուրս է անցնում Գորի քաղաքի զինվորական հոսպիտալում, հրաժարվել է ներկա գտնվել դատական նիստին՝ պատճառաբանելով առողջական վատ վիճակը։
Սաակաշվիլին 8-ամյա բացակայությունից հետո գաղտնի Վրաստան է ժամանել սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 1-ին նա արդեն ձերբակալվել է Թբիլիսիում։ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը ծառայողական ստուգում է անցկացնում Սաակաշվիլիի կողմից ուկրաինական սահմանի հատման գործով։ Գերատեսչությունը շաբաթներ առաջ հայտարարել է, որ մի խումբ աշխատակիցներ արդեն պաշտոնանկ են արվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները Վրաստանի նախագահից պահանջում են ներում շնորհել նախկին նախագահին