Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունը դադարել է, հայկական կողմն ունի երկու վիրավոր

Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության հետևանքով երկու հայ զինծառայող այսօր թեթև վիրավորում է ստացել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ ժամը 18-ի դրությամբ սահմանի Գեղարքունիքի ուղղությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Վերջին երկու օրերին կրակոցների մասին հաղորդագրությունները հաջորդում են մեկը մյուսին։ Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար։

Սահմանային լարվածության մասին հաղորդվում է երեկվանից:

Նախորդ գիշերը կրակոցները լսվել են Վերին Շորժայում, «Ազատությանը» փոխանցել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ «Կրակոցներ այս գիշեր ժամը 1-ից մինչև առավոտվա 4:30-5-ի մոտակայքում եղել են», - ասաց համայնքի ղեկավարը:

Հայաստանի պաշտպանության նախարարությանն ավելի վաղ տեղեկացրել էր՝ ադրբեջանական կողմը երեկ տարբեր ուղղություններով կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Երևանը գիշերվա կրակոցներից հետո տուժածների մասին չէր հայտնել, իսկ Բաքուն հաղորդել էր, որ մեկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

Երևանը Ադրբեջանի ՊՆ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։ Բաքուն էլ իր հերթին Հայաստանին է մեղադրում իրադրությունը սրելու համար՝ նշելով, որ սահմանային հերթական լարվածության ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանն ու Բաքուն համաձայնել են ուղիղ հաղորդակցության գիծ հաստատել` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է սահմանազատման աշխատանքներով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանն ընդառաջ տված առցանց ասուլիսում հայտնել էր՝ պաշտպանության նախարարին հանձնարարել է ակտիվորեն օգտագործել այդ կապը. - «Հիմա ես մեր պաշտպանության նախարարին հանձնարարել եմ, որ ակտիվորեն այդ կոմունիկացիան օգտագործի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջարկելով, որ նույնն անի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որպեսզի մենք տեսնենք՝ ով ինչպես է արձագանքում, և սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ»:

Արդյոք երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկո՞ւմ են երեկվա լարվածությունը, Պաշտպանության նախարարությունից չհաջողվեց ճշտել: