«3+3»-ի առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը Մոսկվայում

ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ վաղը Մոսկվայում կայանալու է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակության հարթակի անդամ երկրների առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով:

«Հարավային Կովկասում մնայուն խաղաղաղության հաստատմանը ուղղված՝ մեր նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած «3+3» հարթակի առաջին հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում», - ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրան փոխարտգործնախարարները: Թուրքական և ադրբեջանական կողմերը ներկայացնելու են փոխարտգործնախարարներ Սեդաթ Օնալը և Խալաֆ Խալաֆովը։

Հայաստանը ևս, ինչպես նախօրեին խորհրդարանում հայտարարեց վարչապետը, հանդիպմանը ներկայացնելու է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը, սակայն թե որ փոխնախարարը՝ Նիկոլ Փաշինյանը չհստակեցրեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեկտեմբերին կայանալիք «3+3» ֆորմատի նախանիստին Հայաստանը կներկայացնի արտաքին գործերի փոխնախարարը

«3+3» ձևաչափը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որը կընձեռի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորություն: Վրաստանը մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ: Հայաստանը շեշտում է՝ այդ ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են ուրիշ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։