Ռուսաստանի արտգործախարար Սերգեյ Լավրովը երեկ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ մատնանշել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքները հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
«Ռուսական կողմից շեշտը դրվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման՝ դրա հետագա սահմանագծմամբ, աշխատանքները շուտափույթ ապահովելու անհրաժեշտության վրա», - նշված է հաղորդագրությունում։
Լավրովը, ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի, շեշտել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածությունները գործնական հարթություն բերելու անհրաժեշտությունը։
Հայաստանի արտգործնախարարությունը երեկ հաղորդել էր, մասնավորապես, որ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, «զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ