«Այսօր էլ պատրաստ եմ որդուս հանձնել գերիների դիմաց», - այսօր Կառավարություն – Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ նախընտրական քարոզարշավին հնչեցրած իր այս աղմկահարույց հայտարարությունը կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին։
«Ես էսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց։ Պաշտոնական, ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը, ցավոք, արձագանք չի գտել։ Որ պահին արձագանք կգտնի, դա ուժի մեջ գտնվող արձագանք է։ Մնացածը իմ ասածների մեջ ես էդ հարցերին տասնյակ անգամ պարզաբանում տվել եմ, և ուզում եմ էլի վերահաստատել, որ այո, գերեվարման ամեն դեպք պետք ա հետաքննվի։ Ի՞նչն ա էդտեղ զարմանալի», - ասաց Փաշինյանը։
Նա սակայն չանդրադարձավ նրան, թե ինչու իր թիմակից, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը առանց այդ հետաքննության հայտարարել էր, թե «էդ գերիները էն մարդիկ են, որոնք զենքը դրել ու փախել են»։ Փոխարենը Փաշինյանը դարձյալ վերահաստատեց իր պատրաստակամությունը դռնփակ ռեժիմով պատգամավորների հետ հանդիպել՝ այդ թվում գերիներին վերաբերող հարցերին պատասխանելու համար. - «Առաջիկայում Բրյուսելուն հանդիպում ա նախատեսված։ Էդ հանդիպումից հետո էկեք պայմանավորվենք փոխադարձաբար հարմար օր։ Ես կարող եմ հանդիպել հանդիպման ֆորմատով, կարող եմ ձեզ հրավիրել, կարող եք դուք ինձ հրավիրել... Հանդիպենք, խոսանք, բոլոր հարցերը քննարկենք»։
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ միջանցքային տրամաբանությամբ հարցեր չեն քննարկում և, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, փորձեց հստակեցնել, թե որ դրույթներն են բնորոշ միջանցքի տրամաբանությանը, որն է ճանապարհների ապաշրջափակումը։ Հստակ մի բան ասաց՝ ճանապարհը պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո և գործի Հայաստանի օրենսդրությամբ։
Ղազինյանն ասաց. - «Առաջին բաղադրիչը, որ սահմանին կանգնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները, որ այդ ճանապարհով Հայաստան մուտք գործող ապրանքների և բեռների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու են Հայաստանի մաքսային ծառայությունները։ Երրորդը, այդ ճանապարհին տեղի ունեցած պատահարները, միջադեպերը հետաքննելու են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները։ Եվ չորրորդը, բոլոր տեսակի կոմունիկացիաները կառուցվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից»։
Փաշինյանի պատասխանը. - «Եթե Հայաստան – Իրան սահմանին կանգնած են ոչ Հայաստանի Հանրապետության սահմանապահները, հետևաբար Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան եկող ճանապարհը միջա՞նցք ա, թե՞ միջանցք չի։ Մնացած հարցերով, մնացած կետերով համաձայն եմ։ Մնացած կետերով համաձայն եմ, որովհետև ակնհայտ բաներ եք ասում, և ինչը արձանագրված է Արտաքին գործերի նախարարության նախորդ օրը հրապարակված հայտարարության մեջ։ Բայց ես էլի ուզում եմ, որ մենք մի բան պայմանավորվենք. մենք կոմունիկացիաների բացում, այո, ապահովելու ենք և մենք դրանում շատ հետաքրքրված ենք։ Եռակողմ աշխատանքային խմբում բոլոր մասնակիցների մասնակցությամբ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն։ Հետևաբար, որ ճանապարհը պիտի լինի Հայաստանի սուվերենության ներքո և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պիտի գործի, դա մեր ընդհանուր ընկալումն է, որը, երկաթուղին նաև, որը արձանագրված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Այսինքն՝ դա Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեսակետն է։ Մնացած մասով, սահմանապահները մասը ինչու ընդգծեցի, որովհետև մենք ունենք կոնկրետ դեպք, երբ որ ձեր ասած պարամետրը էդքան էլ էդպես չի։ Ես չեմ կարծում, թե Իրանից Հայաստան մտնող ճանապարհը միջանցք է։ Մնացած մասերով՝ այո»։
Արթուր Ղազինյանն արձագանքեց. - «Շատ լավ։ Իհարկե պետք էր ընդգծել, որ դուք համաձայն եք և դուք էս պահին հայտարարում եք, որ Ադրբեջանից Հայաստան մտնող ճանապարհների վրա լինելու են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության անցակետեր, և զննությունը անց է կացնելու Հայաստանի մաքսային ծառայությունը։ Սահմանապահ ծառայությունը, կա միջպետական պայմանագիր, որը կնքված է Ռուսաստանի Դաշնության հետ, և նրա հետ համատեղ իրականացվում է նաև սահմանների պահպանությունը։ Բայց էնպես չի, որ հայ սահմանապահներ էնտեղ կանգնած չեն»։
Ընդդիմադիր Արմեն Ռուստամյանի հարցը Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների մասին էր, որոնք նա արատովոր գործելաոճ որակեց. - «Իսկապես շատ կարևոր է հասկանալ, թե սահմանադրական որ լիազորությունների հիման վրա է կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք հանգեցնում են մեզ համար կենսական զիջումների։ Սրա բացատրությունը ե՞րբ պետք է տաք»։
«Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել», - երկու անգամ կրկնեց Փաշինյանը։ - «Եվ իմիջիայլոց ասեմ, որ էդ նարատիվը, որ կան բանավոր պայմանավորվածություններ, ինչ-որ գաղտնի, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»։
Ռուստամյանը Փաշինյանին հիշեցրեց իր նախկին հայտարարությունները. - «Իսկապես իմ համար զարմանալի է։ Մենք տարբե՞ր աշխարհներում ենք ապրում։ Դուք ինքներդ եք հայտարարել դրա մասին, որ գոյություն ունեն բանավոր պայմանավորվածություններ։ Ձեզ ուղարկե՞նք ձեր ասածը»։
«Քանի որ Ղուբաթլուի և Զանգելանի հատվածները իննսուն տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք էդտեղ կանդրադառնանք, որովհետև էդտեղ կային խնդիրներ, որ պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված։ Էն որ կան պրոբլեմներ դրա հետ կապված, ոչ ոք չի վիճում»։