Աբովյանում վերահաշվարկ է ՔՊ-ի պահանջով. ընտրատեղամասում այն լարված անցավ

Աբովյան խոշորացված համայնքի տեղական ընտրություններում պարտված իշխող «Քաղացիական պայմանագիրը» բողոքարկում է համայնքի 41 ընտրական տեղամասերից 25-ի քվեարկության արդյունքները։

Աբովյանի քաղաքապետարանում այսօր վերաբացվեցին 4 ընտրատեղամասերի քվեաթերթիկների պարկերը։ Միայն մեկ տեղամասի վերահաշվարկի արդյունքում փոփոխություններ արձանագրվեցին՝ նախնական արդյունքներով հաղթած ԲՀԿ-ի օգտին 8 քվեաթերթիկ ավելացավ, ՔՊ-ի օգտին՝ 1։ Ընդհանուր առմամբ այս մեկ ընտրատեղամասում անվավեր քվեաթերթիկները 27-ն էին։ Մինչև այդ դահլիճ մտավ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, անկազմակերպ վիճակը մատնացույց անելով` երկու անգամ հորդորեց արդեն սկսված վերահաշվարկը նորից սկսել:

Խոշորացված Աբովյան համայնքի 25 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկը կշարունակվի մինչև այս շաբաթվա վերջ։ Այստեղ նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է 35.2 տոկոս, ԲՀԿ-ն՝ 44.4։ ԲՀԿ թեկնածուն 2019-ին երեքուկես տարվա ազատազրկման դատապարտված և համաներմամբ ազատ արձակված Էդուարդ Բաբայանն է: Նա Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն է, նախորդ գումարման խորհրդարանում պատգամավոր էր։

Քաղաքապետարանում այսօր ընթացած վերահաշվարկի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ԿԸՀ քարտուղարին մեղադրեցին ուղղորդելու, անվավեր թերթիկները չնկատելու մեջ։

«Սահմանված է քվեարկության ձևը, և ես ի՞նչ եմ ուղղորդել, որ ասել եմ` մարդկանց քվեն եթե վավեր հնարավոր է դարձնել, պաշտպանել, դա ուղղորդե՞լ է...Կարող եք համարել ուղղորդել, ես Ընտրական օրենսգիրքն եմ ասում»:

«Այդ դեպքում օրենքից մենք պետք է ընդհանրապես հանենք անվավեր հասկացողությունը և թողնենք...»:

Այս երկխոսությունից հետո Արմեն Սմբատյանը բոլորին դահլիճից դուրս հրավիրեց՝ պահանջելով, որ նախ ներս մտնեն վկայականներով։ ՔՊ ներկայացուցիչ Էդգար Առաքելյանը դիմելով ԿԸՀ քարտուղարին ասաց՝ 4 ընտրատեղամասերի քվեաթերթիկները միաժամանակ են բացվում, վստահված անձինք չեն հասցնում բոլորին հետևել։ Այս դիտարկումից հետո երկուական տեղամասերի քվեաթերթիկներ բացվեցին, դրանից էլ էր ՔՊ-ն դժգոհ։

Իրեն ուղղված մեղադրանքներին ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց՝ վերահաշվարկները միշտ այսպես լարված են սկսվում, բոլորը Սալվադոր Դալի չեն, որ հավասարաչափ ու գեղեցիկ նշան դնեն քվեաթերթիկի վրա, և դա չի նշանակում, որ ամեն քվեաթերթիկ պետք է անվավեր դարձնել. «Ուղղակի բոլորը լարվածություն միգուցե ունեն, չգիտեմ` որտեղից եկած, գուցե մտահոգություններից եկած, որ շուտով ամեն բան իր տեղը կընկնի: Չի կարող և չկա այսպիսի բան, որ ինչ-որ կողմնապահություն այստեղ լինի, քանի որ ես այստեղ եմ, չի կարող»:

Բողոքարկելու որոշման մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Ըստ նրա՝ ավագանու 27 մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում մեկ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, և վերլուծելով տարբեր ընտրատեղամասերից իրենց ունեցած տեղեկությունները՝ որոշել են 25 խոշոր տեղամասերի արդյունքները բողոքարկել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՏԻՄ ընտրությունները ընդհանուր առմամբ հանգիստ էին, խաղաղ, բայց կան նաև ճնշումների մասին հաղորդումներ․ ԱՄՆ դեսպանություն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ն պարտվել է մի քանի խոշոր քաղաքներում. որոշներում, ըստ Սաքունցի, կոալիցիաների մի քանի հավանական տարբերակներ կան

«Կանխատեսումներ չեմ ուզում, իհարկե, անել, բայց որոշակի մտավախություն ունեմ, որ տասնյակ ձայների տարբերություն կարող է դուրս գալ: Թեև մենք լիարժեքորեն վերահսկել ենք բոլոր տեղամասերը, բայց ոչ բոլորն են փորձառու, և նաև ոչ բոլոր քաղաքական թիմակիցներն են պատկերացնում, թե տասնամյակներով նման գործիքակազմերով վերարտադրվող ուժերն ինչի են ունակ, ցավոք: Հնարավոր մեքենայությունների, որևէ մեղադրանք չեմ հնչեցնում որևէ մեկի հասցեին, բայց հնարավոր մեքենայություններ չեմ բացառում, որ տեղի ունեցած լինեն, կամ մեր վերլուծություններն են ասում», - «Ազատությանն» ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Թե կոնկրետ ինչ մեքենայությունների մասին է խոսքը, Պետրոսյանը չհստակեցրեց։ Մեզ հանդիած աբովյանցիների մի մասը չէր մասնակցել ընտրություններին, մյուսներն էլ գոհ էին նախնական արդյունքներից։

Ոմանք հիշեցրին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան երեկվա հետընտրական գրառումը՝ «քաղաքացին տեր է և որոշող»։ Ասացին՝ «մենք էլ ենք տեր», «ընտրել ենք Էդուարդ Բաբայանին», ինչո՞ւ են բողոքարկում։

Առավելագույն ձայները ստացած ԲՀԿ թեկնածուն այսօր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր բացառել ընտրությունների մյուս մասնակցի՝ ՀՅԴ-ի հետ կոալիցիան։

Վերահաշվարկը կշարունակվի վաղը։