Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլի ավարտից մի քանի օր անց Արևմուտքում խոստովանում են՝ դրանք կարելի է տապալված համարել։ Դիվանագիտական ձախողման ողջ մեղքը թե՛ Վաշինգտոնում և թե՛ եվրոպական մայրաքաղաքների մեծ մասում բարդում են իրանական կողմի վրա։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին երկուշաբթի երեկոյան կայացած ասուլիսի ժամանակ պնդում էր, թե իրանցի դիվանագետները Թեհրան էին ժամանել առանց առաջընթացի հասնելու պատրաստակամության։ Գերմանական ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Սասսեյի բնութագրմամբ էլ` Բեռլինում բանակցությունների վերջին փուլը «խիստ բացասական զարգացում են որակում», սակայն դեռ հույս ունեն, որ իրանական կողմի դիրքորոշումներում որոշակի փոփոխություններ տեղի կունենան։
«Մենք ակնկալում ենք, որ իրանական պատվիրակությունը Թեհրանում անցկացրած խորհրդակցություններից հետո Վիեննա կվերադառնա շատ ավելի իրատեսական առաջարկներով, որոնք հնարավորություն կտան առաջ շարժվել այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք բերվել էին հունիս ամսից ի վեր», - նշում էր գերմանական դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը՝ պնդելով, որ առաջարկների այն փաթեթը, որ ներկայացնում էր իրանական կողմը անցած շաբաթ, «անընդունելի էր»։
Թեհրանի կողմից ներկայացված այդ առաջարկների իմաստը, սակայն, առանձնապես մեծ նորություն իրենից չի ներկայացնում։ Պաշտոնական Թեհրանը պահանջում է նույնությամբ վերականգնել 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը միակողմանիորեն լքել էր դեռ 2018 թվականին, ինչպես նաև վերացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։
«Խնդրի աստիճանական, քայլ առ քայլ լուծման կամ առավել ևս միջանկյալ, ժամանակավոր համաձայնագրի կնքման տարբերակները Թեհրանը բացառում է», - նախօրեին հայտարարում էր Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն։
Արևմտյան որոշ շրջանակներում, սակայն, վստահ են՝ բանակցությունների ընթացքում Իրանի որդեգրած կոշտ դիրքորոշումը միայն մեկ նպատակ ունի՝ ժամանակ շահել։ Բանն այն է, որ անցած շաբաթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նոր մի զեկույց հրապարակեց, որի համաձայն վերջին մի քանի ամիսներին` բանակցությունների սառեցմանը զուգահեռ, Իրանը կարողացել է զգալի առաջընթաց արձանագրել ուրանի հարստացման գործում։
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների պնդմամբ` իրանցի մասնագետներին հաջողվել է Ֆորդոյում գտնվող միջուկային կենտրոնում նոր, ավելի ժամանակակից 166 ցենտրիֆուգեր գործարկել, ինչը տեսականորեն կարող է հնարավորություն տալ Թեհրանին բավական կարճ ժամանակահատվածում ընդհուպ մոտենալ միջուկային զենքի ստեղծմանը։
«Ուրանի 90 տոկոսանոց հարստացման մասին լուրերը իսլամական հանրապետությունը չի հաստատում, դա սուտ է։ Բանակցությունների սեղանի շուրջ մենք մեզ բարեխիղճ կերպով ենք դրսևորել և վստահեցնում եմ ձեզ՝ Թեհրանը որևէ. այսպես կոչված, «Պլան Բ» չունի», - երկուշաբթի օրը իր սիրիացի պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին հայտարարում էր Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանը։
Պաշտոնական Երուսաղեմը վստահ է, որ Իրանն արդեն իսկ ընդհուպ մոտեցել է միջուկային զենքի ստեղծմանը, ուստի եկել է հարցի ռազմական, այլ ոչ թե դիվանագիտական լուծման փուլը։ Դա է պատճառը, որ ըստ իսրայելական լրատվամիջոցների` երկրի հետախուզության՝ «Մոսադի» տնօրենն ու պաշտպանության նախարարը շտապ կարգով մեկնել են Վաշինգտոն։ Նրանց այցին զուգահեռ իսրայելական դիվանագիտության ղեկավարը վստահ է՝ անհրաժեշտության դեպքում ամերիկացիները Իրանի դեմ ուժի կիրառումից չեն խուսափի։
«Երբ ես Միացյալ Նահանգներում էի, պետքարտուղար Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ տեսախցիկների առջև ասաց, որ որևէ տարբերակ, այդ թվում` իրական ռազմական սպառնալիքը չի բացառվում», - նշում է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը։
Մի կողմից ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներից «Կոմերսանտը» հարթակ է տրամադրում իրանական կողմին՝ իր էջերում հրապարակելով Իրանի ԱԳ նախարարի ծավալուն հոդվածը։ Դրանում Ամիր-Աբդոլահիանը պնդում է, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների ձեռքբերման հարցում «հնարավորությունների պատուհանը հարվերժ բաց չի լինի»։
Մյուս կողմից` Վիեննայի բանակցություններում ռուսական պատվիրակությունը ղեկավարող դեսպան Միխայիլ Ուլյանովը նշում է, թե Մոսկվայում չեն կիսում Թեհրանի խիստ բացասական վերաբերմունքը միջանկյալ համաձայնագրի կնքմանը։
«Միանշանակ է, որ ժամանակավոր և համապարփակ համաձայնագրերի միջև որևէ հակասություն չկա», -այսօր Twitter-ում գրել է Ուլյանովը: «Գուցե Թեհրանի նման դիրքորոշումը վկայում է, որ Իրանը ցանկանում է առանց հապաղելու խնդրի համապարփակ լուծո՞ւմ գտնել», - ենթադրել է ռուսաստանցի դիվանագետը։
Վերջին տեղեկությունների համաձայն` Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ՝ ութերորդ փուլը Ավստրիայի մայրաքաղաքում կարող է մեկնարկել արդեն այս շաբաթավերջին։