«Թեհրանն ու Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ են սեղմ ժամկետներում լուծել առկա բոլոր խնդիրները»։ Այս մասին նախօրեին, Թեհրան կատարած այցի ընթացքում հայտարարել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։
Իրանի մայրաքաղաքում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպել է արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանի և Ազգային ատոմային գործակալության նորանշանակ ղեկավար Մոհամադ Էսլամիի հետ։
Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ լուծման ենթակա ամենահրատապ հարցը Իրանի միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկների վերագործարկումն ու մոնիտորինգի արդյունավետ մեխանիզմների վերականգնումն է։
«Այս հարցի լուծումը կարող է որոշիչ դեր խաղալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների ձեռքբերման ընթացքում», - Թեհրանում հայտարարել է Գրոսին։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանի խոսքով էլ պաշտոնական Թեհրանը «մտադիր է շարունակել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական հարցերի շուրջ՝ խուսափելով [խնդրի] քաղաքականացումից»։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունները Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կվերսկսվեն հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 29-ին։