«ՀՀԿ-ին ստիպողաբար անդամակցած համայնքապետերին շանս է տրվում. ՔՊ-ին անդամակցելու օրը համարվում է զրոյական կետ». իշխանական պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյան («Քաղաքացիական պայմանագիր»)

36 խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր տեղերում պայքարում է համայնքապետի պաշտոնի համար։

36 խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր տեղերում պայքարում է համայնքապետի պաշտոնի համար։

Խորհրդարանական ընդդիմությունից այս ընտրություններին առավել ակտիվ է «Հայաստան» դաշինքի կազմից Հայ հեղափոխական դաշնակցությունը. 36-ից 20-համայնքում մասնակցում են ընտրություններին։ Պայքարելու ենք այնքան, որ իշխանությանը զրկեն համայնքներում իշխանությունից, ասում է Հայաստան դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը. - «Համարեք սա նաև դիմադրության մի մաս, որովհետև այդ տարածքային ինքնակառավարման մարմինները, տեղական իշխանությունները կարևոր դերակատարություն են ունենում քաղաքական գործընթացներում»։

Ավագանու ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում։

Գեղամ Մանուկյան

Թեև իշխանությունը բոլոր համայնքներում մասնակցում է, բայց հաղթելու շանսերը մեծ չեն, ասում է ընդդիմադիր պատգամավորն ու հիշեցնում Գորիսի, Կապանի ու Գյումրու ընտրությունների արդյունքները, որտեղ պարտվեց Փաշինյանի թիմը. - «Շատ համայնքներում իշխանությունը ուղղակի հերոսաբար պարտվում է, որը խոսում է սեփական վարկանիշի չգոյության, անկման, ինչպես նաև քաղաքական համահայաստանյան թիմ չունենալու մասին է վկայում»։

Այս ընտրությունները նախորդ երկու տեղական ընտրություններից տարբերվում են քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությամբ։ Կոմունիստական կուսակցությունն էլ է ոտքի կանգնել, Մարտունիում ու Վանաձորում է պայքարում։ Ավագանու ցուցակներում միայն կոմունիստներ են։

Խորհրդարանական ընտրություններում պարտված «Լուսավոր Հայաստանը» հինգ համայնքում է մասնակցում։ Այդ թվում ՝ Վանաձորում, Էջմիածնում։

«Այն համայնքներում, որտեղ մասնակցելու ենք, կոտրելու ենք կարծրատիպը, որ պիտի ամեն տեղ լինի իշխանության ներկայացուցիչը», - ասում է կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը։

Նրա կարծիքով, համայնքային ընտրությունները լավագույնս են ցույց տալիս գործող իշխանության վարկանիշը։

Գևորգ Գորգիսյան

Հարցին, թե գուցե Կապանում, Գորիսում ու Գյումրիում իշխանության պարտությո՞ւնն է ոգեշնչում քաղաքական ուժերին, որ ակտիվացել են այս անգամ, նախկին պատգամավորը պատասխանեց. - «Մենք ասում էինք, որ ՔՊ-ն ունի մոտավորապես երեսուն տոկոս ձայն, և վերջին ՏԻՄ ընտրությունները հենց դա էլ ցույց են տալիս։ Որովհետև չկողմնորոշված քառասուն-հիսուն տոկոս մարդկանցից մի մասը, ուղղակի վախենալով Ռոբերտ Քոչարյանի, հին ռեժիմի, հին կարգերի վերադարձից, ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Բայց դա ընտրություն չէր։ Եվ հիմա մենք տեսնում ենք իրական պատկերը, երբ մարդիկ գնում ընտրում են այն, ինչ ուզում են»։

Խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն է մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ Իսկ նույն դաշինքից Հանրապետականը պաշտոնապես՝ ոչ։ Պարզապես որոշ համայնքներում, այդ թվում Մասիս քաղաքում, նորաստեղծ դաշինքների ցուցակները գլխավորում են հանրապետական թեկնածուներ։ Նախկին ՀՀԿ-ականները մի քանի համայնքում գլխավորում են գործող իշխանության ավագանու ցուցակները, մի քանիսում պարզապես ցանկում են։ Դեկտեմբերյան ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ սա է, որ նախկիններին մերժած Փաշինյանի վստահելի թեկնածուները նախկին ՀՀԿ-ականներն են։

«Հայ հասարակությունը պետք է իմանա՝ նախկինները գրոհում են ընտրությունները։ Բայց նախկինները բոլորը հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» ցանկով։ Նույն Մարտունիում, Վայոց Ձորում, Արմավիրում, Մեծամորում», - ասում է Գեղամ Մանուկյանը։

«Էն մարդիկ, ովքեր որ ստիպողաբար ժամանակին լինելով անկուսակցական, թեև դարձել են համայնքապետ, բայց ստիպողաբար դարձվել են հանրապետական, էդ մարդկանց, բնականաբար, շանս տրվել է», - հակադարձում է իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Մեծամորում պայքարում են ՀՅԴ-ն ու ՔՊ-ն։ Իշխանության ավագանու ցուցակը առաջնորդում է Վահրամ խաչատրյանը, որը 2016-ին Նորապատ համայնքի ղեկավար ընտրվեց որպես ՀՀԿ-ական։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո լքեց կուսակցությունը։

Մարտունիում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վարդենիկի երկարամյա գյուղապետ, նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Հովեյանը։ Սևանում Փաշինյանի թիմը սատարում է Սարգիս Մուրադյանին, որին նախորդ անգամ Սերժ Սարգսյանի թիմն էր սատարում։ Ջերմուկում էլ ՔՊ-ի ցուցակի առաջին համարը Հանրապետական, գործարար, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է՝ Վահագն Արսենյանը։

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասում է՝ իրենց պատմել են, թե պարտադրաբար են Հանրապետականին անդամակցել։ Իրենք էլ լսել ու հավատացել են. - «Մեր կուսակցությունն էլ, բնականաբար, առաջադրել է իր պայմանները մեր կուսակցության ցուցակով ներկայանալու համար, և դրանք են՝ կուսակցության արժեքներին հավատարիմ մնալը, որովհետև, անկախ ամեն ինչից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության մեջ շատ կարևոր մի կետ կա, որ անձամբ ես շատ եմ կարևորում, և մեր կուսակիցները; Դա անհատի վերափոխման մասին շատ կարևոր դրույթն է, որ ցանկացած անհատ կուսակցության անդամակցության էդ օրը համարում է որպես զրոյական կետ»։

Հարցին, թե կոնկրետ ովքեր են պատմել, որ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ին ստիպողաբար են անդամացկել, իսկ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին՝ հոժարակամ, Ալեքսանյանն արձագանքեց. - «Թույլ տվեք չկոնկրետանալ»։

Նախկին խորհրդարանից Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ մի քանի համայնքում միացել ընտրապայքարին։ Աբովյանում ցուցակը գլխավորում է Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը։

Չնայած հեղափոխության թունդ փուլում անգամ Փաշինյանի թիմն այստեղ պարտվել է, բայց դարձյալ մասնակցում են։ Այստեղ առաջադրվել է նաեւ ՀՅԴ-ն։

Նորաստեղծ կուսակցություններից այս ընտրություններում հատկապես ակտիվ է «Լուսավոր Հայաստանի» նախկին անդամ Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» ու Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցություններն էլ են մասնակցում։

Ամամենաթեժ ընտրապայքարը Վանաձորում է. համայնքապետի համար պայքարում է տասը քաղաքական ուժ։