«Իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մնում է լարված»
Ադրբեջանի ագրեսիայից հետո իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մնում է լարված, Ադրբեջանի զինված ուժերը մայիսից ներխուժել և շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում։
Արարատ Միրզոյանը պնդել է, որ Բաքուն ոտնահարում է վերջին պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները՝ բախումները դադարեցնելու, գերիներին ազատ արձակելու մասով, մյուս կողմից` Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում գերիներին, այլ նաև պարբերաբար փորձում է նոր հայ գերիների վերցնել՝ արհամարհելով միջազգային հանրության հորդորները։
«Որևէ բացատրություն չի կարող արդարացնել այս բռնի գործողությունները»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը` հույս հայտնելով, որ անցած շաբաթ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունները պայմաններ կստեղծեն իրավիճակի դեէսկալացիայի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առայժմ հայտնի չէ, թե ինչ բովանդակություն ունեն եռակողմ աշխատանքային խմբի ստորագրելիք փաստաթղթերը«Խաղաղությունը պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը։ Հայաստանը ցանկանում է տևական և կայուն խաղաղության հասնել Հարավային Կովկասում և պատրաստ է բանակցությունների։ Որքան շուտ Ադրբեջանը համաձայնի խաղաղության գործընթացի վերսկսմանը, մեր տարածաշրջանում այնքան մեծ կլինեն հնարավորությունները՝ հասնելու համապարփակ և երկարատև կարգավորման։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը` հիմնված ինքնորոշման իրավունքի իրագործման վրա, տեղահանված հայերի ապահով և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք պետք է բանակցությունների առանցքային հարցերից դառնան», - նշել է Միրզոյանը։
Նրա հավաստմամբ` չլուծված հումանիտար հարցերը, ինչպես, օրինակ, առանց նախապայմանների գերիների վերադարձը, մշակութային ժառանգության պահպանությունը ԵԱՀԿ մանդատի անհրաժեշտությունն են առաջացնում։ Հայաստանը կշարունակի հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Բայրամովը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
ԵԱՀԿ-ն կարող է օժանդակել հետպատերազմյան վերականգնմանը, իր ելույթում շեշտել է Ադրբեջանի արտգործնախարարը. «Մենք ԵԱՀԿ-ին համագործակցություն ենք առաջարկել և դեռ սպասում ենք արձագանքի։ Միևնույն ժամանակ հակամարտության դադարեցումը Հայաստանի և Ադրբեջանի համար լավ հնարավորություն է առաջ շարժվելու, բարիդրացիական հարաբերություններ կառուցելու միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և հարգելու սկզբունքի հիման վրա», - Շվեդիայի մայրաքաղաքում հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։
Պնդելով, որ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է այս գործընթացին, գործնական քայլեր է կատարել այդ ուղղությամբ` Բայրամովն ասել է, թե Հայաստանը դեռ պետք է պատասխանի, և որ Հայաստանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների շարունական խախտումները խիստ մտահոգիչ են. «Հայաստանը դեռ պետք է կատարի եռակողմը հայտարարությունը և ամբողջությամբ հանի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։
Անդրադառնալով ապաշրջափակմանը` ադրբեջանցի պաշտոնյան շեշտել է` տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային երթուղիների վերականգնման ուշացումը պետք է պատշաճ ուշադրության արժանանա։
«Դա վստահության վերականգման կարևոր եղանակ է։ Զանգեզուրի միջանցքի անհապաղ իրականացումը անհրաժեշտ է ոչ միայն մարդկանց, տրանսպորտային միջոցների անարգել երթևեկության համար Ադրբեջանի և Նախիջևանի միջև, դա նաև կվերականգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ԱԳՆ-ի, Սոչիի հայտարարությամբ հերքվել է «միջանցքի թեզը», ընդդիմադիրները կասկածում ենՀայաստանը նաև չի փոխանցել ականապատ դաշտերի ճշգրիտ և ամբողջական քարտեզները, հայտարարել է Ջեյհուն Բայրամովը` հավելելով` սա դանդաղեցնում է հետպատերազմական վերականգնողական աշխատանքներն ազատագրված տարածքներում և լրջորեն խոչընդոտում է տեղահանված անձանց վերադարձին իրենց տներ։
«Այս պահին Ադրբեջանը ամենաշատ ականապատված երկրներից մեկն է», - նկատել է նա։
«Ադրբեջանը հույս ունի, որ Սոչիի պայմանավորվածություններն ի կատար կածվեն՝ առանց ուշացման և կնպաստեն մեր նպատակի իրագործմանը՝ Հարավային Կովկասը կդառնա ավելի ապահով տարածք», - ընդգծել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։