Երրորդ նախագահն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով առաջին դատական նիստին Սերժ Սարգսյանի փաստաբանները առաջարկեցին հաշտվել, պայմանով, որ իշխող կուսակցության պատգամավորը հերքի իր իսկ խոսքերը Սարգսյանի կողմից միլիոնավոր դոլարներ վատնելու մասին։ Խաչատուր Սուքիասյանի փաստաբանը, մինչդեռ, հրաժարվեց այդ առաջարկից։
Իրենք՝ Սարգսյանն ու Սուքիասյանը դատարան չէին եկել։
Նախկին նախագահը գործարար պատգամավորին դատի էր տվել ամիսներ առաջ, երբ վերջինս խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում 100 միլիոն դոլարից ավելի գումար է տանուլ տվել Բադեն-Բադենի խաղատներում։
«Բոլորդ լավ գիտեք` երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադենում: Ո՞ւր է էդ օրիորդը։ Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մի համար մեծ է եղել, մյուսն էլ մի համար փոքր է եղել՝ բոթասներով։ Էդ ո՞նց եղավ Ֆաբերժե․․․, էդ որտեղի՞ց», - ասել էր Սուքիասյանը ԱԺ նիստին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքներին առնչվող քրգործ է հարուցվել. փաստաբանն այն հիմնազուրկ է որակումՍերժ Սարգսյանը հիմա այս խոսքերի հերքում և 1 միլիոն դրամ է պահանջում՝ իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու համար։
Դատական առաջին նիստի ավարտից հետո նրա փաստաբան Ամրամ Մակինյանը կրկին պնդեց՝ Սուքիասյանը չի կարող իր խոսքերը ապացուցել։ «Այդպիսի բան չի կարող լինել, և այդպիսի ապացույցներ էլ չեն կարող ներկայացնել մի պարզ պատճառով, որովհետև այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում», - ասաց Մակինյանը։
Սերժ Սարգսյանի փաստաբանը պնդում է՝ նախկին նախագահը եղել է Բադեն-Բադենում, բայց իր արձակուրդն է անցկացրել, և դա ամենևին չի նշանակում, որ կազինոներում է եղել։
«Հանրապետության երրորդ նախագահը երբեք չի հերքել իր՝ Բադեն-Բադենը քաղաք գնալու մասին։ Ի՞նչ է նշանակում Բադեն-Բադեն, սա ծամոն է դարձել, իսկ Բադեն-Բադենում միայն կազինոնե՞ր են։ Հարգելիներս, խոսքը չի վերաբերում Լաս Վեգասին, Մոնտե Կառլոյին, որ հասարակության մոտ դա ընկալվի որպես հանրահայտ կազինոներով քաղաք։ Բադեն-Բադենը, մի անգամ էլ ասեմ, առողջարանային քաղաք է։ Հանրապետության նախագահը, օգտվելով իրեն ընձեռված սոցիալական երաշխիքներից, իր արձակուրդը անցկացրել է Բադեն-Բադենում», - ասաց փաստաբանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանը պետական միջոցների հաշվին 16 անգամ մեկնել է Բադեն-Բադեն. fip.amԻշխանական պատգամավորը, մինչդեռ, մի քանի անգամ է խոսել այս մասին և ամեն անգամ պնդել, թե հիմքեր ունի։ Անգամ շեշտել է՝ ինքը ավելի քիչ գումար է նշել, որպեսզի ավելի ապացուցելի լինի իր ասածը։
Նրա փաստաբան Աննա Տոնոյանը դատարանում հայտարարեց՝ Սուքիասյանը փաստերի հիման վրա իր գնահատողական դատողությունն է արել։ «Ազատության» հարցին՝ Սուքիասյանը դատարանում կարո՞ղ է ապացուցել, որ Սարգսյանը գումարներ է վատնել այլ երկրներում, փաստաբանը նախընտրեց հստակ չպատասխանել․ - «Տեսեք, քանի որ ապացուցման բեռը հիմա բաշխված չի, ես չեմ ուզում հիմա մարտավարություն բացեմ, ասեմ՝ մենք ինչ ապացույցներ ունենք, մենք ինչ ապացույցներ չունենք։ Երբ որ ապացուցման բեռը բացվի, մենք կներկայացնենք համապատասխան ապացույցներ»։
Գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտնի հայտարարությանը զուգահեռ «Փաստերի ստուգման հարթակն» իր հետաքննությունն էր անցկացրել, ըստ որի նախագահական ինքնաթիռը Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին տասնյակից ավելի չվերթներ է կատարել դեպի գերմանական թանկարժեք կուրորտային Բադեն-Բադեն։
Սուքիասյանի փաստաբանը նաև այս հետաքննությունն է մեջբերում, երբ խոսում է իրենց ունեցած փաստերի մասին. - «Այդ փաստերը կամ նաև համացանցում, բազմաթիվ տարիների ընթացքում հավաքված փաստեր են, դրանց մասին խոսել է նաև Fip.am կայքը իր հոդվածով, այս տարվա սեպտեմբերին հրապարակեց, որի համաձայն` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամներ պաշտոնավարման ժամանակ մեկնել է Բադեն-Բադեն: Կոնկրետ ինչ նպատակներով` արդեն կայքի ենթադրություններն են և իր մեկնաբանությունները, բայց ամեն դեպքում դրանք ապացուցում են, որ մեկնել է Բադեն-Բադեն պարոն Սերժ Սարգսյանը, որը մեր կողմից վկայակոչած փաստերի որոշակի մասի ապացույց է»:
«Փաստերի ստուգման հարթակի» հետաքննության հիման վրա դեռ հոկտեմբերին իրավապահները քրեական գործ էին հարուցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Անցած մեկ ամսում Սերժ Սարգսյանին հարցաքննության չեն կանչել, ասաց փաստաբանը։ Հայտնի է նաև, որ երրորդ նախագահը այդ գործով կարգավիճակ չունի։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ կարող է քննվել ամեն ինչի մասին ու ամեն ինչի վերաբերյալ, եթե դրա համար կան ցանկություններ քաղաքական մակարդակում ու իհարկե, կան», - նշեց Ամրամ Մակինյանը:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց Սերժ Սարգսյանի փաստաբանների խնդրանքով: Նրանք ժամանակ խնդրեցին գրավոր դիրքորոշում ներկայացնելու համար: Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 17-ին: