Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեղադրյալ է ներգրավվել ևս մեկ՝ այս անգամ կաշառքի գործով


Վառելանյութի գործով արդեն 2 տարի մեղադրյալի կարգավիճակ ունեցող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալ է ներգրավվել ևս մեկ՝ այս անգամ կաշառքի գործով։ Սա գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա դեռ երեք տարի առաջ հարուցված քրեական գործն է, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ինչպես նաև Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը:

Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» մանրամասներ չեն հայտնում, միայն փոխանցեցին, որ երրորդ նախագահին մեղադրյալ են ներգրավել ու այսօր կանչել հարցաքննության։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն, իր հերթին, «Ազատությանը» փոխանցեց՝ խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի մասին է։ Հեղափոխությունից հետո գործարարը հայտարարել էր, որ 2008-ին հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալելու համար բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառք է տվել։

«Այդ ծանուցագիրը, որ տրվել է ինձ, դրանից ես կարողանում եմ հասկանալ, որ այս անհեթեթությունը վերաբերում է Սիլվա Համբարձումյան անուն-ազգանունով անձնավորության հաղորդման առթիվ ինչ-որ քրեական գործի: Այն ենթադրյալ հարցերը, որոնք կարող են տրվել պարոն նախագահին, այդ հարցերի պատասխանները դեռևս երկու տարի առաջ տրվել և ստացվել են:

Այո, հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, և ոչինչ չի փոխվել իրենց քրեական գործում, քանի որ իրենք այս գործը ավարտել ու ուղարկել են դատարան: Թե հիմա ինչ քաղաքական կամ այլ նկատակահարմարություններից ելնելով որոշվեց, որ այսօր պետք է դատավարական այսպիսի անհեթեթ որոշում կայացվի, կարծում եմ` այդ հարցի պատասխանը շատ մոտ ապագայում բոլորին պարզ կլինի», - ասաց պաշտպանը:

Գործարար Սիլվա Համբարձումյանի հետ այսօր կապվել չհաջողվեց։ Այդուհանդերձ, դեռ 2019 թվականին գործարարը «Ազատության» հետ մի քանի հարցազրույցներում ասել էր, որ նախագահներ Քոչարյանին ու Սարգսյանին, ինչպես նաև Արմեն Գևորգյանին անձամբ չի ճանաչել, խոշոր գումարները փոխանցել է գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով՝ իր շնորհակալությունը հայտնելով իրեն չխանգարելու համար, քանի որ կա՛մ պետք է փող ունենաս, կա՛մ էլ, այսպես կոչված, տանիք։

Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության տարիներին գործարար Սիլվա Համբարձումյանից իր մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով 3 միլիոն դոլար կաշառք է ստացել։ Իսկ նրա նախկին ենթակա Արմեն Գևորգյանը մեղադրվում է Մայրապետյանի օժանդակությամբ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու, նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու համար։ Երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում։ Գործարար Մայրապետյանը բուժման նպատակով մեկնել էր արտերկիր ու չի վերադարձել, նա այժմ հետախուզման մեջ է։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մինչ այժմ դատարանի առաջ է կանգնել միայն վառելանյութի գործով, նա մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար, մեղադրանքը չի ընդունում։ Արդեն մեկ տարուց ավելի է` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատավարություն է ընթանում։

Անցած ամիս էլ քրեական գործ էր հարուցվել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքների գործով։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով քրեական գործով Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի։ «Փաստերի ստուգման հարթակի» հետաքննությունն էր դրվել այս քրեական գործի հիմքում, ըստ որի նախագահական ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է տասնյակից ավելի չվերթներ դեպի գերմանական թանկարժեք կուրորտային Բադեն-Բադեն։

XS
SM
MD
LG