Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք. սա հետաքննություն իրականացրած fip.am-ի պնդումն է։ Իսկ 2008-2018-ը Հայաստանը ղեկաված Սարգսյանի ներկայացուցիչը հերքում է հետաքննության որոշ դրվագներ, մյուսներին էլ չի անդրադառնում։
Փաստերի ստուգման հարթակի հետաքննության համաձայն, Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։ Հարթակը, փաստեր ներկայացնելով, նաև պնդում է, թե երրորդ նախագահը Բադեն-Բադենում է եղել նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ ապրիլի 5-ին։ Ըստ հետաքննության, Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին ու 7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցը օգտագործել է կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։
Մինչդեռ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, որը հետաքննության հրապարակումից ժամեր անց ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկավ, հայտարարում է, թե Բեռլին կատարած պաշտոնական այցից առաջ Բադեն-Բադեն մեկնելու մասին պնդումը բացարձակ ապատեղեկատվություն է։
FIP.am-ին թռիչքների վերաբերյալ տվյալներ է տրամադրել Քաղավիացիայի կոմիտեն, այդ ցուցակում ներկայացված են նախագահի աշխատակազմի հայտերի հիման վրա 2008-ի հունվարի 1-ից 2018-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված թռիչքների ցանկը։
Երրորդ նախագահի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը նշում է, թե Քաղավիացիայի կոմիտեի տրամադրված տեղեկանքը միտումնավոր կերպով կամ անփութության պատճառով ճշգրիտ չէ։
Մակինյանը նաև վերոհիշյալ այցի ծրագիրն է հրապարակել։ Փաստաբանի գրառումը վերաբերում է միայն ապրիլյան պատերազմից հետո Գերմանիա կատարված այցին. հետաքննությում զետեղված այլ չվերթներին Մակինյանը չի անդրադառնում։
«Ազատության» ճշգրտող հարցին ի պատասխան փաստաբանն ասաց՝ Սերժ Սարգսյանի այցերը եղել են օրենքով նախատեսված կարգով։ Մակինյանի խոսքով, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, օրենքով նախատեսված սոցիալական երաշխիքներ ունեն։
Փաստերի ստուգման հարթակից էլ հայտնում են՝ իրենց հրապարակած փաստերն ուղարկելու են Հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական օրենսգրքի վատնման և յուրացման ու պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածների շրջանակում քրեաիրավական գնահատական խնդրելով։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ընդդիմադիր շրջանակների կողմից բազմաթիվ էին պնդումները, թե նախագահը Բադեն-Բադեն է մեկնում ու այնտեղ խաղատներ այցելում։
Երրորդ նախագահը արտահերթ խորհրդանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում չէր հերքել Բադեն-Բադենում լինելու հանգամանքը, սակայն նշել էր՝ խաղատների կողքով անցնելուց է անգամ խուսափել. այդ քաղաքները նախկին նախագահի խոսքով այլ բանով են գրավիչ. - «Բադենը դա առողջարանային քաղաք ա, մշակութային քաղաք ա, որտեղ հնարավորություն ունես ծանոթանալու մշակութային գոհարների հետ։ Լինի դա երաժշտություն, լինի նկարչություն, արվեստի բոլոր ժանրերից ամեն տարի լավագույն փառատոներն են անցկացվում»։
Fip.am-ի հետաքննության վրա աշխատած լրագրող Անի Գրիգորյանի խոսքով, քանի որ երրորդ նախագահի առողջարանային այդ քաղաք կատարված այցերի մասին պնդումները շատ էին, որոշեցին հետաքննություն իրակացնել դրանք ստուգելու համար. - «Երբ ստացանք պատասխանը, բավականին հետաքրքիր պատկեր դուրս եկավ։ Ուզել էին 2008-ի հունվարի 1-ից մինչև 2018-ի հունվարի 1-ը նախագահական օդանավի թռիչքները, և այդ թռիչքները ուսումնասիրելով, պարզեցինք, որ Սերժ Սարգսյանը իր նախագահության տասը տարիների ընթացքում ավելի քան տասնվեց անգամ պետական օդանավով եղել է Բադեն-Բադենում»։
Հետաքննության համահեղինակի պնդմամբ՝ Սարգսյանի այցերից և ոչ մեկը պաշտոնական չի եղել, երրորդ նախագահը հիմնականում արձակուրդների ընթացքում է եղել այդ քաղաքում. - «Բացի այդ, որոշ պաշտոնական այցեր օգտագործել է Բադեն-Բադենում ժամանակ անցկացնելու և հետո այդ պաշտոնական այցերին գնալու համար»։
Շաբաթներ առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը ավելի քան 100 միլիոն դոլար գումար է տանուլ տվել խաղատներում. - «Էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն»։
Երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը պատգամավորի դեմ դատական հայց է ներկայացրել՝ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:
«Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հայցը վարույթ է ընդունել։