24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում երեկ ուշ երեկոյան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի մասը, որ մենք մտածում էինք, որ զոհված են, իրականում գերեվարված են՝ չշտված տվյալների համաձայն։ Մենք ունենք 6 հաստատված զոհ, ունենք 24 գումարած 8 գերեվարված, բայց էլի այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն, որովհետև գիտեք՝ կա նաև հետևյալ տվյալը, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել։ Այսինքն, ըստ էության, գերեվարվել է վստահաբար մի իրավիճակում, երբ որ ինքը չէր կարող դիմադրել», - ասաց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ-ն սահմանին տեղի ունեցած բախումներից մեկ շաբաթ անց էլ չի պարզաբանում՝ որևէ տեղեկություն հայտնի՞ է 24 զինվորների մասին«Դեկտեմբերի 15-ի և նոյեմբերի 26-ին հանդիպումները տարբեր օրակարգեր ունեն»
Խոսելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում և նոյեմբերի 26-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների մասին՝ Փաշինյանը նկատեց, որ դրանք տարբեր օրակարգեր ունեցող հանդիպումներ են։ Մանրամասնեց՝ Բրյուսելում ավելի շուտ հումանիտար հացեր կքնարկվեն, այդ թվում՝ գերիների վերադարձ։ Անդրադարձավ նաև Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու մասին։
«Հիմա ես մեր պաշտպանության նախարարին հանձնարարել եմ, որ ակտիվորեն այդ կոմունիկացիան օգտագործի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ և առաջարկի, որ նույնն անի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որպեսզի մենք տեսնենք, թե ով, ինչպես է արձագանքում, և սրանից ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ։ Եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ, շատ ավելի լավ», - ասաց Հայաստանի գործադիրի ղեկավարը։
Ինչ վերաբերում է Սոչիի հանդիպանը, ըստ էության, վարչապետը հաստատեց՝ դա նույն նոյեմբերի 9-ին նախատեսված հանդիպումն էր, որը հետաձգվել է՝ հաշվի առնելով այդ օրվա հետ կապված հայկական կողմի ցավոտ ընկալումը:
«Բայց, գիտեք, երբեմն սիմվոլիկայի և այլ ձևերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի նկատմամբ իրացնել հարկադրանքի քաղաքականություն, Ադրբեջանը, այլ երկրների քաջալերմամբ, այդ գործելակերպով թիրախավորում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և ժողովրդավարությունը։ Եվ ես ասացի՝ «պետք չի Հայաստանի հետ խոսել հարկադրանքի լեզվով», - ասաց վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտին - Փաշինյան - Ալիև եռակողմ հանդիպման շուրջ ստույգ պայմանավորվածություններ առայժմ չկան«Միջանցքային տրամաբանություն գոյություն չունի»
Չմանրամասնելով Սոչիի հանդիպման օրակարգը՝ Փաշինյանը նշեց՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ վերջին առաջարկները շատ չեն տարբերվում դրանից առաջ եղած առաջարկներից։ Վերահաստատեց իր նախկին պնդումները, թե միջանցքային տրամաբանություն գոյություն չունի և ունենալ չի կարող, ավելին՝ պնդեց, որ աշխատանքային մակարդակում Ադրբեջանը երբեք «միջանցք» արտահայտություն չի արել։
Մինչդեռ նկատենք՝ ադրբեջանական կողմը, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագված «անարգել երթևեկություն» արտահայտությունը կիրառելով, պնդում է, որ սա հենց «սուվերեն միջանցք» է նշանակում։
«Ազատության» հարցին ի պատասխան, թե հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումն ադրբեջանական կողմին, Փաշինյանը պատասխանեց․ - «Եթե նշանակեր սուվերեն միջանցք, գրված կլիներ սուվերեն միջանցք: Մանավանդ այդ նույն փաստաթղթի մեջ միջանցք բառը օգտագործված է` Լաչինի միջանցք ձևակերպումով և գրված է, որ «Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի հսկողության, բառացի՝ контроль-ի տակ»։ Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» և ասում են՝ «այ, եթե դուք միջանցք չտաք, մենք պատերազմով էդ միջանցքը կստանանք»։ Պետք է էս փաստը դնենք միջազգային հանրության աչքի առաջ, և պետք է սա ի ցույց դնենք, որպես Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, որը պետք է համարժեք միջազգային գնահատականի արժանանա», - ասաց վարչապետը։
«Հայաստանը կողմ է, որ Ադրբեջանը ստանա տրանսպորտային և երկաթուղային ճանապարհ»
Մյուս կողմից Փաշինյանը հստակեցնում է՝ Հայաստանը կողմ է, որ Ադրբեջանը ստանա տրանսպորտային և երկաթուղային ճանապարհ։ Պնդում է՝ տարածաշրջանի ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահից։
«Չեմ հասկանում, թե ինչու Հայաստանը պետք է հրաժարվի ճանապարհ տալ։ Այսօր աշխարհում բոլոր երկրները պայքարում են մի բանի համար, որ ճանապարհներն անցնեն իրենց տարածքով, որ երկաթուղիներն անցնեն իրենց տարածքով», - ասաց գործադիրի ղեկավարը։
Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը չի նշանակում արդյոք, որ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս խումբ հացերին պատասխանելիս Փաշինյանը նախ խոսեց այն մասին, որ Արցախի հարցը երբեք էլ տարածքային վեճ չի եղել, բացի այդ, հղում արեց 1991 թվականի ԱՊՀ անդամակցությանը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Այն ժամանակ նշանակե՞լ է, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի իրավունքներից հրաժարվում է, նշանակե՞լ է սա, թե՞՝ չի նշանակել։ «Տվին», կամ «Ղարաբաղն ուզում էին տան», ժողովուրդ ջան, եթե մենք Ղարաբաղը տվող լինեինք, պատերազմ չէր սկսի, ինչ իմաստ ուներ պատերազմ սկսել, եթե մենք Ղարաբաղ տվող լինեինք։ Ընդհակառակը՝ եթե մենք էդպիսինն ենք, ընդհակառակը՝ ամեն ինչ կանեն, որ էստեղ հանգիստ խաղաղ լինի, ոչ մի բորբոքում, ոչ մի բան չլինի, որ մենք տենց աննկատ Հայաստանի շահերը զիջենք։ Ամեն մի կրակոց վկայությունն է նրա, որ մենք Հայաստանի շահերը չենք զիջում»։
2 ժամից ավելի տևած ասուլիսի ընթացքում Փաշինյանը խոսեց նաև պատերազմի պատճառների, իր ու թիմակիցների սխալների և անվտանգային հարցերի մասին։ Վերջին հարցով խոսեց ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մասին ու հայտարարեց, որ Սիրադեղյանի աճյունն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահվանից գրեթե մեկ ամիս անց էլ պարզ չէ՝ երբ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան