Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում, հաղորդում է Կրեմլը՝ հավելելով՝ բանակցությունները կանցնեն Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ։
«Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը հայտնում է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստման մասին, Երևանը և Բաքուն դեռ չեն հաստատումԱմսվա սկզբին Կրեմլի խոսնակը հայտարարել էր, թե Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպում է նախապատրաստվում Մոսկվայում։ Ռուսական պետական "Россия-1" հեռուստաընկերությունն անգամ հաղորդել էր, թե հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման տարելիցին։
Հայաստանի վարչապետը, սակայն, հերքել էր այդ հայտարարությունները, պնդելով, թե եռակողմ հանդիպման մասին որևէ հստակ պայմանավորվածություն դեռևս չկա։
«Շատ կարևոր է այդ հանդիպումների կոնտեքստը, այդ հանդիպումների սիմվոլիկան, այդ հայտարարություններից ակնկալվող պոտենցիալ արդյունքը։ Այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաև։ Եվ կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին պայմանավորվածություն այդպիսի չկա», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա. ՀՀ վարչապետՕրեր անց բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին, որոնք ամենաարյունալին էին անցած տարվա 44-օրյա պատերազմից ի վեր։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվել էին ռուսական կողմի միջնորդությամբ։
Հայաստանի վարչապետը նաև հայտարարել էր, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առաջարկներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ։ Փաշինյանը ռուսական առաջարկից մանրամասներ չէր հայտնել, միայն նշել էր, որ այն ընդունելի է հայկական կողմի համար։ Բաքուն այդ առաջարկին պաշտոնապես դեռ չի արձագանքել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի նախապատրաստական փուլի առաջարկները Հայաստանի համար ընդունելի ենԵրեք օրից Սոչիում նախատեսված հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիևը ևս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։