Հայաստանի արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ Փաշինյան-Ալիև առաջիկա հնարավոր հանդիպման վերաբերյալ «տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի՝ ժամկետների, տեղի և ձևաչափի վերաբերյալ, կտրամադրվի տեղեկություն»։
Նախարարության խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել էր հարցին, թե արդյոք ճի՞շտ են նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին շրջանառվող լուրերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր մանրամասներ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վերաբերյալ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն ԲրյուսելումՄինչ Երևանը դեռ հստակ չի հայտնում, թե երբ և որտեղ է սպասվում առաջիկա հանդիպումը, Մոսկվայից առնվազն հայտարարում են, որ հանդիպում տեղի ունենալու է։ Վերջին անգամ այդ մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը՝ նշելով, որ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը, ապա վստահեցրել, որ այն կկայանա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը համոզված է` Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպում լինելու էԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կարծիքով, հանդիպման հետաձգման կամ չկայացման պատճառները Հայաստանում պետք չէ փնտրել. - «Հայկական կողմը, ես կարծում եմ, իր բոլոր հրապարակային հայտարարություններում վերահաստատել է իր համագործակցային լինելը, և ըստ էության, մենք պատրաստ ենք քննարկելու և հասկանալու իրավիճակի հանգուցալուծման տարբերակները։ Եվ այս մասով հայկական կողմը չի կարող որևէ կերպ խոչընդոտել գործընթացին»։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Արծվիկ Մինասյանը սակայն կարծում է, որ անգամ «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդանական խմբակցությունում հստակ չգիտեն, թե որն է հանդիպման ձգձգման պատճառը, քանի որ Փաշինյանը վարում է ոչ ժողովրդավարական և փակ քաղաքականություն. - «Պարտավոր են առնվազն գոնե նրանք, որոնք որ հրապարակման ենթակա են, հանրության լայն շրջանակների համար գոնե հրապարակեն։ Նրանք, որոնք որ հրապարակման ենթակա չեն, առնվազն գոնե ներգրավվեն պառլամենտական կառավարման երկրի պատասխանատուներին էս քննարկումների մեջ։ Մենք տեսնում ենք ուղիղ հակառակ վարքագիծը։ Պարզ է չէ՞, որ հանդիպումները պետք է կայանան, հանդիպումների առաջարկները պետք է քննարկվեն, բայց ինչո՞ւ պատշաճ, էն հարթակներում, որտեղ անհրաժեշտ է չի քննարկվում»։
Հնարավոր հանդիպման մասին քննարկումների ֆոնին երեկ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներ՝ նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունների համատեքստում, Փաշինյանը երախտագիտրություն է հայտնել Պուտինին Ռուսաստանի միջնորդական ջանքերի համար։
Սա Փաշինյան- Պուտին արդեն երկրորդ հեռախոսազրույցն էր նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված արյունալի բախումներից հետո, որոնք դադարեցին Ռուսաստանի միջնորդությամբ։
Այս հեռախոսազրույցը նաև հաջորդեց Փաշինյանի հինգշաբթի օրվա հայտարարությանը, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել, որոնք ընդունելի են Երևանի համար։
Ի՞նչ է մասնավորապես առաջարկել Մոսկվան այս անգամ, հետաքրքրվեցինք արտգործնախարարությունից։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը պատասխանեց հետևյալը. - «Մենք պարբերաբար հայտնել ենք սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին: Այս գործընթացի առաջմղման ու մանրամասների հստակեցման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը»։
Հայտնի է նաև դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում է սպասվում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում։ Տեղեկությունը հաստատել է Եվրոպական խորհուրդը։ Իսկ Եվրամիության մի բարձրաստիճան պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, «Ազատությանը» հայտնել է, որ նախատեսվող հանդիպման նպատակն է «մեկ սեղանի շուրջ նստեցնել Փաշինյանին ու Ալիևին՝ վստահությունն ամրապնդող միջոցառումների համար»։
Հայաստանում քաղաքական մեկնաբանների կարծիքով, սակայն, բրյուսելյան հանդիպումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։
«Խոսվում էր Մոսկվայում կազմակերպելիք հանդիպման մասին Փաշինյան – Պուտին – Ալիև ձևաչափով, և նույնիսկ որոշակի փաստաթղթերի ստորագրում, կամ հայտարարությունների ընդունում, բայց դա կարծես թե չի ստացվում։ Սա ևս վկայում է, որ Բրյուսելի հանդիպումը էսպես առարկայական ինչ-որ տեղաշարժի միտված չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբ Բադալյանը։
«Արևելյան գործընկերությունը այն հարթակը չէ, որտեղ պիտի էդ բանակցությունները ընթանան։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ դա ուղղակի հանդիպում կլինի, որը չեմ կարծում, թե մեզ որևէ օգուտ կտա, որովհետև էդ հարաբերությունները առավելապես Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան տիրույթում են, ինչպես նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը», - նշեց Արմեն Բաղդասարյանը։
Արտգործնախարարությունից և Անվտանգության խորհրդից չեն հստակեցնում նաև մեկ այլ հարց. ինչպես անցյալ շաբաթ հայտարարեց պաշտոնական Երևանը, որ 1997 թվականի պայմանագրով պատրաստվում է գրավոր դիմել Ռուսաստանին և ստանալ աջակցություն, ի վերջո դիմեց, թե՞ ոչ։
Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով Հայաստանի իշխանությունները այս հարցում անպատասխանատու մոտեցում են ցուցաբերում հայ-ռուսական հարաբերություններում. - «Երբ որ զուգորդում ենք նաև իշխող մեծամասնության առանձին ներկայացուցիչների հայտարարությունները, որ իր մեջ որոշակի շանտաժի էլեմենտներ է պարունակում։ Սա անպատասխանատու է նաև այն պատճառով, որովհետև մենք այս պահին չունենք անվտանգության այլ համակարգ, քան այս համակարգն է, և մաքսիմալ պետք է փորձենք օգտագործել՝ հարգանքը պահպանելով։ Դրան գումարած, անվտանգության այն սպառնալիքները նկատի առնելով՝ որ մեր պետականության ու մեր ժողովրդի առջև կանգնած են»։