Հայաստանում, ըստ իրավապահների կեղծվել են ոչ միայն պատվաստման սերտիֆիկատները, այլև Հայաստան ժամանող ուղևորներին տրամադրվող քովիդ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթղթերը։
Այսպիսով Հայաստան մուտք գործած քաղաքացիները հնարավորություն են ունեցել առանց նմուշառման անարգել տեղաշարժվել երկրում։ Այնինչ հնարավոր էր, որ նմուշառման դեպքում պարզվեր, որ այդ քաղաքացու թեստի պատասխանը դրական է։
Թե՛ պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատի, թե՛ կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ ստացած քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով բժշկական սպասարկում իրականացնողները ստացել են տարբեր չափերի՝ 5-40 հազար դրամ կաշառք։ Մեղադրանք է առաջադրվել 15 մարդու, նրանցից 9-ը կալանավորվել է:
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ այսպիսի շուրջ 20 քրեական գործ է հարուցվել, պատվաստման կամ կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը ստացել ու «ԱՐՄԵԴ» համակարգում գրանցվել են նախնական տվյալներով շուրջ 310 քաղաքացի։
«Սեպտեմբերի վերջից կնոջիցս իմացել եմ, որ մեր պոլիկլինիկայում նման բան է տեղի ունեցել, ինչը բնականաբար, ինձ խիստ է զայրացրել», - «Ազատությանն» ասել էր Գյումրիի «Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկայի տնօրեն Արտուշ Ասատրյանը։
Խիստ զայրացած տնօրենը դեռ մեկ ամիս առաջ հայտարարում էր, թե իր ղեկավարած բուժհաստատությունում կեղծ պատվաստման սերտիֆիկատներ տրամադրելու մասին տեղյակ չի եղել։ Մինչդեռ իրավապահները հակառակն են պնդում և բուժկենտրոնի տնօրենին մեղադրանք են առաջադրել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
Կեղծ պատվաստումների այս գործընթացը խիստ մտահոգիչ է համարում Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ Նրա կարծիքով, դա աղճատում է իրական պատկերը. - «Այն առումով, որ շատ դեպքերում, երբ անձինք ձեռք են բերում կեղծ պատվաստման սերտիֆիկատ, այնուհետև հիվանդանում են կամ կարող է նաև մահվան դեպք գրանցվել, այս դեպքում շատ խեղաթյուրվում է այդ տեղեկատվությունը։ Ասեմ, որ կան հստակ հանձնաժողովներ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ»։
Հայաստանում, որտեղ պատվաստման ցուցանիշը շարունակում է ամենացածր մնալ տարածաշրջանում, վակցիանայի առաջին դեղաչափը ստացել է մոտ 740 հազար մարդ, երկրորդ՝ ամբողջական դեղաչափը շուրջ 370 000 քաղաքացի։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին, որ վիճակագրությունն առայժմ փոխված չէ, քանի որ իրավապահ մարմիններից դեռ տեղեկություն չեն ստացել, թե պատվաստման քանի կեղծ սերտիֆիկատ է տրամադրվել։
Հայաստանում պատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվում են ԱՐՄԵԴ համակարգում, քաղաքացին ստանում է QR կոդ, որը սկանավորելիս բացվում է պատվաստման սերտիֆիկատը։ Եթե ապացուցվի, որ պատվաստումը կեղծվել է, ապա տրված QR կոդերը այլևս չեն աշխատի։ Իսկ եթե կեղծիքը կատարվել է ոչ թե բուժհաստատությունում, այլ քաղաքացին ինքն է կեղծ հավաստագիր պատրաստել, այդ դեպքում համակարգն անմիջապես կբացահայտի դա, վստահեցնում է ԱՐՄԵԴ համակարգի տնօրեն Ավետ Մանուկյանը. - «ԱՐՄԵԴ-ը կարող է օգնել, եթե ինչ-որ մեկը կեղծել է սերտիֆիկատը ֆոտոշափով։ QR կոդի միջոցով ԱՐՄԵԴ-ը կապացուցի, որ էդպիսի բան երբևիցե չի թողարկվել։ Կամ մոբայր ափլիքեյշնում էդ քաղաքացին QR կոդ չի ունենա հաստատ»։
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ մինչև հարուցված քրեական գործերով նախաքննությունը չավարտվի, դատարանի վճռով չհաստատվի կեղծ պատվաստումների ձեռք բերումը, «ԱՐՄԵԴ» համակարգից չեն կարող հանվել քաղաքացու տվյալները կամ այլ փոփոխություններ կատարվեն։
Հարուցված 20 քրեական գործերում որպես մեղադրյալ ներգրավված չեն կեղծ հավաստագրեր ձեռք բերած քաղաքացիները։ Ի՞նչ պատիժ է սպառնում նրանց, հնարավոր է, որ Ուկրաինայի օրինակով նրանց հնարավորություն տրվի ուղղել սխալը և իսկապես պատվաստվել։ Այս հարցը Հայաստանում դեռ չեն քննարկել։