Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է ճնշումներ գործադրել առնվազն երեք հարցերի հետ կապված՝ միջանցքի, Արցախի, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Առաջինը, դա միջանցքի հարցն է։ Սա նաև շանտաժ է, սպառնալիք ցույց տալու համար, որ եթե Հայաստանը համաձայնություն ցույց չտա, ապա նա դրան կհասնի ուժի կիրառման միջոցով», - ասաց Աբրահամյանն՝ ընդգծելով՝ ուղղությունը, որով Ադրբեջանը մայիսից հետո արդեն երկրորդ անգամ ագրեսիայի է դիմում, ըստ էության, այն ճանապարհն է ուրվագծում, որտեղ կա նախկինում գործած ճանապարհ՝ Անգեղակոթով դեպի Նախիջևան։
Դա Հայաստանը կտրող ամենանեղ արանքն է, ասաց Աբրահամյանը՝ շեշտելով՝ այնտեղով է անցնում Հայաստանի գլխավոր երակներից մեկը՝ Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, և որի նկատմամբ վերահսկողությունը, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, Հայաստանի համար կարող է կենսունակության ավարտ նշանակել։
«Բավականին մոտ հատվածում են ադրբեջանական զորքերը տեղակայված, չկա նույնիսկ 10 կիլոմետր այդ հատվածում, և այս պարագայում, նույնիսկ այս փուլում, անկախ, թե մենք ինչ գործընթացների մեջ ենք մտնելու, Հայաստանն այս ուղղությամբ և այս օրվանից, եթե մինչև այսօր չի արել, լուրջ միջոցառումներ իրականացնելու [ամրանալու] խնդկիր ունի», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զանգեզուրի միջանցքը իրար կկապի թյուրքական աշխարհը. Ադրբեջանի նախագահԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա չէ, որևէ միջանցք չի լինելու. Էդուարդ Աղաջանյան
Իսկ Արցախի հարցը, Աբրահամյանի համոզմամբ, Ադրբեջանի մեծ ջանքերով անընդհատ երկրորդ, երրորդ պլան է մղվում, «այդպիսով Բաքուն փորձում է փակել վերջնականապես այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող Արցախի Հանրապետության հարցը»։
Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասով, Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանը փորձում է հասնել իր պատկերացումների շրջանակներում, այսինքն՝ այնտեղ, որտեղ կհասնի, էդ տեղով միանգամից նոր սահմանագծում կանի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը վերստին հայտարարում է՝ դեմարկացիային և դելիմիտացիայի գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմն ունի 1 զոհ և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի ճակատագիրն անհայտ է, Ադրբեջանը՝ 7 զոհ և 10 վիրավոր
Հարցին, թե այդ դիրքերն ի՞նչ նշանակություն ունեին, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ - «Դրանք ունեն ահռելի նշանակություն, որովհետև նախ բավականին մեծ հատված է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի այս պահին գտնվում օկուպացման տակ, երկրորդն՝ այդ ուղղություններում, այդ բարձունքներում ադրբեջանական զորքերի հայտնվելը ինքնին մարտավարական և ռազմավարական առավելություն է ստեղծում ոչ միայն հարաբերական խաղաղ պայմաններում կոնկրետ խնդիրներ լուծելու և Հայաստանի ռազմավարական կոմունիկացիաները վերահսկողության տակ պահելու առումով, այլ սա Ադրբեջանի համար հնարավորության ստեղծում է մի քանի քայլ իրականացնելուց հետո, որպեսզի հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների կամ խոշոր օպերացիաների պարագայում, իր համար ի սկզբանե մեկնարկում ապահովել շատ ավելի բարենպաստ պայմաններ»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․