Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար. վարչապետ

Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար։ Այսօր Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, հայտնում է կառավարությունը:

Քննարկվել են նաև տարբեր ոլորտների շուկաներում նոր կարգավորումների ներդրմանը, մաքսային կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեին առնչվող հարցեր:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին: