Վերջին երեք ամիսներին Իրանը ուրանի հաստացման ծավալները մեծացրել է՝ դրա մակարդակը հասցնելով 60 տոկոսի, պնդում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն։ Այս մասին վկայող` կազմակերպության փորձագետների կազմած զեկույցը արևմտյան լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնվեց նախօրեին։
Փաստաթղթի հեղինակների պնդմամբ` այս պահին Իրանի տրամադրության տակ շուրջ 18 կիլոգրամ հարստացված ուրան կա, որից ութը իրանցիները կարողացել են ստանալ օգոստոսից նոյեմբերն ընկած կարճ ժամանակահատվածում։
Ամերիկյան Wall Street Journal պարբերականը իր հերթին, վկայակոչելով արևմտյան դիվանագիտական աղբյուրները, պնդում է, որ իրանական կողմը այս տարվա ընթացքում կարողացել է հաջողությամբ և ամենակարևորը արագորեն վերացնել իր միջուկային օբյեկտների դեմ կատարված հարձակումների հետևանքները։ Թերթի պնդմամբ` Նաթանզում և Քերեջում համապատասխանաբար ապրիլին և հուլիսին իրականացված հարձակումներից հետո Իրանի ատոմային էներգիայի ազգային գործակալությունը հաշված շաբաթների ընթացքում վերականգնել է դրանց բնականոն գործունեությունը՝ կարճ ժամանակահատվածում անգամ մեծացնելով այստեղ հարստացվող ուրանի ծավալները:
Այս տեղեկությունները արևմտյան մամուլում ի հայտ եկան ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆաել Գրոսիի՝ Թեհրան կատարելիք այցի շեմին։ Առաջինը սպասվող այցի մասին հայտարարեց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Մենք Գրոսիին հրավեր ենք ուղարկել, և շուտով նա կայցելի Իրան։ Կարծում եմ, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Իրանի հարաբերությունները ինչպես միշտ լավ են», - հայտարարում էր Իրանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը՝ հերքելով Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև սուր տարաձայնությունների մասին տեղեկությունները։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Թեհրան կժամանի արդեն չորս օրից՝ նոյեմբերի 22-ին։ Մի շարք աղբյուրների պնդմամբ` իսլամական հանրապետության ղեկավարության հետ նրա քննարկումների հիմնական թեմաներից մեկը լինելու է Իրանի միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսչական այցերի վերսկսումն ու այնտեղ տեղադրված տեսախցիկների վերագործարկումը։
Գրոսին Իրան կժամանի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունների վերսկսումից ուղիղ մեկ շաբաթ առաջ։ Հիշեցնենք` այդ բանակցությունները Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկելու են նոյեմբերի 29-ին։
Իրանական արտգործնախարարության պնդմամբ` Վիեննայի բանակցությունների ընթացքում Թեհրանը շարունակելու է պահանջել, որ երկրի դեմ սահմանված պատժամիջեցները վերացվեն առանց նախապայմանների։
«Պատժամիջոցների վերացման ապահովումը մեզ համար խիստ կարևոր է։ Մեծ կարևորություն ունի նաև այդ քայլի հստակ [իրավական] ամրագրումը», - հայտարարում էր Իրանի արտգործնախարարության խոսնակը։
«Նոյեմբերի 29-ին մեկնարկող բանակցությունների հաջողությունը մեծապես կախված է հակառակ կողմի իրական մտադրություններից և պատժամիջոցները վերացնելու իրական պատրաստակամությունից», - այսօր Twitter-ում գրել է միջուկային հարցերով Իրանի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը համակարծիք է Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ՝ Իրանին միջուկային գործարքին վերադարձնելու հարցում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի և Եվրամիության պատվիրակները Բրյուսելում քննարկել են միջուկային խնդիրըԱրևմտյան աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Վաշինգտոնում այժմ քննարկում են Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման գաղափարը։ Axios կայքի փոխանցմամբ` վերջին օրերին այդ գաղափարը քննարկվել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի աշխատակազմում։ Կայքի հաղորդմամբ` դա հնարավորություն կտա մի կողմից առժամանակ դադարեցնել Իրանի կողմից ուրանի հարստացման թափ հավաքող գործընթացը, մյուս կողմից` վերացնել Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների գոնե մի մասը։
Արևմտյան, նախևառաջ ամերիկյան պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտա Իրանին նախևառաջ անարգել կերպով արտահանել երկրի տարածքում արդյունահանված էներգակիրները, ներկրել արևմտյան տեխնոլոգիաները և վերաինտեգրվել գլոբալ ֆինանսական համակարգին։ Բայց անգամ եթե դա տեղի չունենա, ըստ Իրանի իշխանությունների, երկիրն ի վիճակի կլինի գոյատևել սեփական ռեսուրսների և Աստծո բարեհաճության շնորհիվ։ Այս մասին չորեքշաբթի օրը Իրանի խորհրդարանում հայտարարեց երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսին։
«Մեր ֆինանսական կարողությունները և արտարժութային պահուստային միջոցները, Աստծո կամոք ավելանում են։ Այդ ամենը լավ հիմք է ստեղծում երկրի տնտեսական վիճակի բարելավման համար։ Չէի ցանկանա խորանալ մանրամասների մեջ, սակայն կարող եմ միայն նշել, որ վերջին օրերին ֆինանսական ոլորտում ձեռնարկված մի շարք քայլերի շնորհիվ մեր մտավախություններից շատերը չեզոքացվել են։ Նախկինում մենք անհանգստանում էինք առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման մասին։ Այսօր, սակայն, կարող եմ ասել, որ այդ հարցը մեզ այլևս չի մտահոգում», - դիմելով խորհրդարանի անդամներին` հայտարարում էր Իրանի նախագահը։