Հայաստանն ու Ռուսաստանը սահմանազատման ու սահմանագծման հետ կապված հարցերը շատ ավելի շուտ էին համաձայնեցրել, կարծում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ազատության» հետ զրույցում խոսելով վարչապետի այսօրվա հայտարարության մասին, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, որոնք ՀՀ-ի համար ընդունելի են, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ վարչապետը սրանով ավելի շուտ փորձում է ցույց տալ հանրությանը, որ դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացը գնում է հայկական կողմի պատկերացումների և շահերի շրջանակներում:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այսօրվա հայտարարությունը, որ ռուսական կողմից սահմանագծման, սահմանազատման աշխատանքները նախապատրաստելու առաջարկ է ստացել և միանգամից շտապեց հայտարարել, որ Երևանը համաձայն է դրան:
Տիգրան Աբրահամյան. - Ես կարծում են` Հայաստանն ու Ռուսաստանը դելիմիտացիա-դեմարկացիայի հետ կապված հարցերը շատ ավելի շուտ էին համաձայնեցրել: Ավելի շատ տպավորություն է, որ վարչապետը փորձում է ցույց տալ հանրությանը, որ գործընթացը գնում է մեր պատկերացումների և մեր շահերի շրջանակներում, և կառավարության նիստի այդ հայտարարությունը միայն ուներ դրական ուղերձներ փոխանցելու նպատակ:
«Ազատություն». - Այդպես չէ՞, հայանպաստ չէ՞ այդ գործընթացը:
Տիգրան Աբրահամյան. - Դեռևս չգիտենք, թե դա ինչ փաստաթուղթ է, այսինքն` մինչև փաստաթղթի էությունը, կոնտենտը չտիրապետենք, պարզ չէ, թե գործընթացն ում շահերն է շոշափում: Այս իշխանությունը 2018-ից հետո տապալել, ձախողել է հնարավոր բոլոր գործընթացները` պատերազմ, պատերազմին նախորդած և հաջորդած ժամանակահատված, և այս պայմաններում ենթադրել, որ այս իշխանությունն այդ բարդագույն պրոցեսի մեջ մտնելու է մեր շահերը առաջ մղելու տրամաբանության ներքո, կարծում եմ` այս առումով էլ տրամաբանական չէ:
Այսինքն` խնդիրը սկզբունքային առումով ոչ թե որևէ փուլում դելիմիտացիա-դեմարկացիա գործընթաց սկսելն է, որին մենք դեմ չենք որևէ փուլում, ուղղակի մենք կարծում ենք, որ այս փուլում Հայաստանի համար բարենպաստ իրավիճակներ ստեղծված չեն, և այս փուլում այդ գործընթացի մեջ մտնելը շատ ավելի կորուստներ է բերելու, քան մեր շահերը ենթադրող որևէ լուծում:
«Ազատություն». - Իսկ գուցե հակառակը, պարո՛ն Աբրահամյան, սպասե՞լն է նշանակում անընդհատ սահմանին լարվածություն: Թեկուզ վերջին միջադեպը. որևէ պետություն չի համաձայնել Երևանի հետ, որ ներխուժում է եղել Հայաստանի տարածք: Ասում են` չճշտված սահմանների վեճեր են:
Տիգրան Աբրահամյան. - Նույնիսկ եթե դելիմիտացիայի գործընթացը սկսի, դա որևէ ձևով չի բացառում սահմանային իրավիճակներ, միջադեպեր կամ նույնիսկ ագրեսիա, որովհետև Ադրբեջանը դա օգտագործում է նաև որպես ճնշման գործիք, իսկ այդ գործընթացը մեկ ամսով, մեկ տարով չի սահմանափակվելու, դա երկար տարիների գործընթաց է ենթադրում: Չի բացառվում, որ ինչ-որ փուլում կանգնի, և դա ուղղակի կվերաճի լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Այնպես որ պայմանավորվել` այս գործընթացը արագ մտնել զուտ այն պատճառով, որ դա կանխելու է հետագա լարվածությունը, կարծում եմ` այս դեպքում էլ ճիշտ չէ:
Խնդրահարույց օջախները շատ են, և դրանցից յուրաքանչյուրը կոնկրետ փուլում կարող է բերել նոր էսկալացիայի վտանգի:
«Ազատություն». - Երբ ասում եք` չենք տեսել փաստաթուղթը, Ձեզ համար ամենամտահոգիչը ի՞նչն է, թե ի՞նչ քարտեզ է դրվելու դրա հիմքում:
Տիգրան Աբրահամյան. - Առհասարակ ի՞նչն է լինելու դրա հիմքում` սկզբունքները, մոտեցումները, դա որևէ ձևով արծարծո՞ւմ կամ շրջանցո՞ւմ է, օրինակ, Արցախը, այսպես կոչված` անկլավների շուրջ ստեղծված իրավիճակը: Քարտեզների մասով երբ խոսում ենք, օրինակ` երբ ասում ես, որ դրա հիմքում դրված է քարտեզը, ինքնին արդեն խնդրահարույց է, որովհետև խորհրդային ժամանակահատվածում այդ քարտեզները բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել, և եթե մենք առաջնորդվենք միայն քարտեզներով, ապա այդ քարտեզներից որևէ մեկը չի բավարարում ՀՀ շահերը:
«Ազատություն». - Ի՞նչ կտա ձեր առաջարկը` ուղղակի առկախել հարցը:
Տիգրան Աբրահամյան. - Հայաստանը` որպես պետություն, պետք է վերականգնի իր իմունիտետը, դա վերաբերում է առաջին հերթին անվտանգության համակարգին, պետական կառավարման համակարգի էֆեկտիվությանն ու ճկունությանը, դեռ չեմ խոսում տնտեսական համակարգ և այլն: Դա որևէ ձևով չի բացառում Ադրբեջանի հետ ամենատարբեր հարցերի շուրջ գործընթացի շարունակելիության ապահովումը, որովհետև մինչև դելիմիտացիա-դեմարկացիա մենք ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի կետերը իրականացման ենթակա են:
Դրանց կետերի մի մասը մեզ համար ունի կենսական նշանակություն, հատկապես վերաբերում է առաջին հերթին 8-րդ կետին` ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձին, այսինքն` մենք Ադրբեջանի հետ առանց այդ դելիմիտացիայի գործընթացի ունենք բավական մեծ օրակարգ, որը բխում է հետպատերազմյան իրավիճակից, կարծում եմ` այդ հնարավորությունն ու ռեսուրսն ունենք այս պահին հետաձգելու գործընթացը: Իհարկե, դա դիվանագիտական շատ ավելի նուրբ աշխատանք է ենթադրում: