Հայաստանի և Ղրղըզստանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած, չնչին է, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ղրղըզստանի վարչապետը։
Ակիլբեկ Ժապարովը Երևանում է՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Փաշինյանը Ղրղըզստանի հետ հարաբերությունները, մասնավորապես, առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու հույս է հայտնել՝ շեշտելով, որ Հայաստանն ու Ղրղըզստանը մասնակցում են ընդհանուր կազմակերպությունների աշխատանքներին. Եվրասիական տնտեսական միություն, Անկախ պետությունների համագործակցություն՝ ընդգծելով նաև ՀԱՊԿ անդամ լինելը։
Նշելով, որ համավարակի պայմաններում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն այդքան էլ ուրախալի չէր՝ Ակիլբեկ Ժապարովը նկատել է՝ վերջին 6-9 ամսվա տեմպերը վկայում են, որ դրանք աշխուժանում են։
«Կցանկանայի Ձեզ հետ քննարկել առևտրատնտեսական համագործակցությանը և Ձեր կողմից նշված կազմակերպություններում մեր փոխգործողությանը վերաբերող հարցեր՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛դժվարին, և թե՛ լավ ժամանակներում», - ասել է Ժապարովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի երկօրյա նիստը