Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը զսպելու համար պարտադիր են դարձնելու QR-կոդերի կիրառումը տրանսպորտում և հանրային այլ վայրերում:
Օրինագիծը քննարկման է ուղարկվել է Դաշնության շրջաններ, Հանրային և Հաշվիչ պալատներ և խորհրդարան: Եթե այն հավանություն ստանա, ապա Ռուսաստանում օդանավ, գնացք և միջքաղաքային ավտոբուս մուտք գործելու, զանգվածային միջոցառմանը ներկա լինելու, սննդի և մանրածախ առևտրի հիմնարկ այցելելու համար բնակիչը պարտավորված կլինի ներկայացնել QR-կոդ:
Այդ կոդերն արդեն կիրառվում են տարբեր ոլորտներում, սակայն, ըստ մասնագետների, միայն պարտադիր կիրառումը թույլ կտա զսպել համավարակի տարածումը:
Ռուսաստանում կոդը կտրամադրեն բնակիչների երեք կատեգորիաների՝ ռուսական վակցինայով պատվաստվածին, կորոնավիրուսով վարակված և առողջացած անձին, անցած 72 ժամում կորոնավիրուսի ստուգման բացասական արդյունքով տեղեկանք ներկայացրածին:
Բոլոր դեպքերում QR-կոդը պետք է գրանցվի «Պետծառայություններ» կոչվող կայքում: Կոդը կարող են ստանալ միայն չափահասները, քանի որ ռուսական արտադրության պատվաստանյութի կիրառումն անչափահասների պարագայում դեռ պաշտոնապես արտոնված չէ:
Հիվանդացած և բուժված մինչև 14 տարեկան երեխան անձնագիր ունենալու դեպքում կարող է գրանցվել կայքում:
Խորհրդարանում քննարկման դրված օրինագծում առաջարկվում է մինչև 18 տարեկաններին ընդհանրապես ազատել QR-կոդի պարտադրանքից, սակայն դրա վերաբերյալ օրենսդիրները միասնական կարծիք չունեն:
Ռուսաստանում հանրային վայրեր այցելելու և զանգվածային միջոցառումներին մասնակցելու ցանկություն ունեցող օտարերկրացին պետք է ներկայացնի կորոնավիրուսի ստուգման բացասական արդյունքով տեղեկանք: Իսկ Ռուսաստանում աշխատող օտարերկրացին կարող է գրանցվել հատուկ կայքում:
Արտասահմանցին Ռուսաստանում կարող է պատվաստվել «Սպուտնիկ Լայթ» վակցինայով, ինչի համար պետք է վճարի կա՛մ ինքը, կա՛մ գործատուն: Ռուսաստանում անվավեր են արտասահմանում պատվաստվելու վկայականները:
QR-ը, նույն ինքը Quick Response-ը («արագ արձագանք»), տեղեկություններ պարունակող հատուկ կոդ է, որը մեկ ակնթարթում ընթերցվում է էլեկտրոնային սքաներով:
Դրա կիրառումը հետզհետե ավելի է ընդլայնվում, այդ կոդով փոխարինվում են տեղեկանքները, վճարման կտրոնները, տոմսերը և տարատեսակ այլ վկայականներ:
Կոդը կարելի է պահել հեռախոսի հիշողության մեջ, ընթերցել սքաներով և հեռախոսի հավելվածով: Սակայն QR-կոդը կարելի է ներկայացնել նաև տպագիր տարբերակով: