Ճակատենի համայնքապետը երեկ ուշ երեկոյան՝ բոլորի պես տեղեկացավ կեսգիշերից փակվում է Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական դարձած հատվածը, Գորիս-Կապանի նույն սցենարով՝ ադրբեջանն այստեղ էլ մաքսային անցակետ է տեղադրում:
«Ախր, միայն Ճակատենը չէ», - զայրանում էր համայնքապետ Արա Հարությունյանը, -«վեց գյուղ կա, ընդեղ զորք ունենք մենք, ես չգիտեմ ուղղակի, ինձ իշխանական կողմից՝ մարզպետարանից ոչ մեկը՝ ո՛չ մի զանգ, ոչ մեկը ո՛չ եկավ, ո՛չ գնաց»:
Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Շիշկերտ, Ծավ, Ներքին Հանդ գյուղերը Կապան խոշորացված համայնքի կազմում են: Ճակատենը Կապանից ընդամենը 6 կիլոմետրի վրա է, այս ճանապարհը փակվելուց հետո Կապան պետք է հասնեն մի ընդարձակ պտույտով՝ երկուսուկես ժամում: Մյուս գյուղերն էլ նույն, մեղմ ասած, արտառոց վիճակում են՝ շուրջ 700 բնակիչ:
«Անհանգստություն կա, որոշ լարվածություն կա, բայց այնպես չի, որ խուճապ կա, համենայն դեպս հարցերին պիտի լուծում տրվի», - ասաց Ծավ համայնքի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը:
350 բնակիչ ունեցող Ծավ համայնքի ղեկավարն ասում է՝ ճանապարհի փակումը կանխատեսելի էր: Ադրբեջանական կողմը Կապանից դեպի այս գյուղեր տանող ճանապարհին բարի գալուստ Ադրբեջան ցուցանակը տարածեց նախորդ տարվա դեկտեմբերին, 4 կիլոմետրանոց հատված դարձավ ադրբեջանական՝ կապանցիները տարակուսում էին՝ հայկական գյուղերն իրար կապող ճանապարհը ինչպե՞ս է Խորհրդային Միությունը Ադրբեջանի տարածքով կառուցել, այս հարցը տարբեր պատասխաններ ուներ տարբեր տարիների քարտեզներում: Այժմ՝ մեկ տարի անց, այլ հարց է հնչում՝ ինչո՞ւ այդ մեկ տարում չկառուցվեց այլընտրանքնային ճանապարհ:
«Մենք միշտ էլ մտածել ենք, որ պիտի այլընտրանքը ունենք, այլընտրանքային ճանապարհը պետք է լինի, որ պիտի շուտ կառուցվեր, դրանում ոչ մի խոսք», - ընդգծեց Զաքարյանը:
«Մենք դեռ մտածում ենք այլընտրանքային ճանապարհի մասին, դեռ տեխնիկա ենք բերում, նախագիծ, չգիտեմ ֆլան-ֆստան», - ասաց Ճակատեն համայնքի ղեկավարը:
«30 տարի է խոսում են-խոսում՝ հաղթել ենք, ո՞ւր ա, հաղթանակը ո՞ւր ա», - հարցնում է Շիկահող համայնքապետի բնակիչը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները ՀՀ տարածքում չեն գտնվում. ԱԽ
Ճակատեն-Գեղանուշ-Կապան ճանապարհն է գործել 90-ականներին: Շիկահողցի Սամվել Աղաբեկյանը հիշում է՝ 92-ին ադրբեջանցիները այս նույն հատվածը դարձյալ փակել էին: Այլընտրանքային ճանապարհը, սակայն, ըստ տեղի բնակիչների, նույնիսկ ոտքով անցանելի չէ, մնում է ժամեր խլող՝ Մեղրիով ճանապարհը:
«Եթե Մեղրիով գնանք Ղափան հետ դառնանք, կարելի ա ասել՝ գալիս ենք Երևան հետ դառնանք էլի: Մեր գյուղից մինչև Մեղրի գնաք 120 կմ ա, Մեղրիից էլ գալիս ենք Ղափան՝ 90 կմ, դե հաշվեք՝ 210 կմ մենք պիտի գնանք, հետո նորից հետ գանք», - ասաց Շիկահող համայնքի բնակիչը:
Կապանի կազմում գտնվող այս վեց գյուղերը Կապանի հետ սերտ կապ ունեն՝ աշխատանք, առևտուր, բուժսպասարկում: Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են ՝ կառուցվում է Մ-17՝ Կապան-Ծավ հատվածից դեպի Ճակատեն տանող այլընտրանքային ճանապարհ։ Մինչև այս տարվա վերջ կկատարվեն հողային աշխատանքները, գարնանը կասֆալտապատեն։ Իսկ Գեղանուշի ճանապարհի նորոգումը, ըստ դեպարտամենտի, արդեն սկսել են, խոստանում են՝ մի քանի օրից այդ հատվածը անցանելի կլինի:
Հիշեցնենք, սակայն, գերատեսչական հավաստիացումները, թե այս կամ այն ճանապարհն անցանելի է, հաճախ խիստ չափազանցված է: Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի բնակիչները վերջին օրերին հոգնեցին բարձրաձայնելով, որ իրենց այլընտրանքայինն անցանելի չէ մարդատար մեքենայի համար: Կապանի վեց գյուղերի բնակիչներն էլ պետք է սպասեն՝ ձմեռն անցնի, գարունը գա, արև բացվի, պետությունն ասֆալտ անի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական մաքսակետի տեղադրումից հետո Բարձրավանը փաստացի կորցրել է կապը աշխարհի հետ