Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե հայկական կողմն անցած գիշեր խախտել է հրադադարը՝ կրակ բացելով Քելբաջարի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ։
«Գնդակոծությունն իրականացվել է տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից ու նռնականետերից», - հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, թե թիրախում են եղել նաև տեղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող տրակտորն ու բեռնատարները։
«Տուժածներ չկան։ Օպերատիվ իրավիճակը մնում է ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո։ Կրկին հայտարարում ենք, որ պետական սահմանին ցանկացած դիմակայության ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր դեռ նոր տեղեկություններ չի հաղորդել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին: Երեկ երեկոյան գերատեսչությունը հայտնեց, որ ժամը 19-ի դրությամբ իրադրությունը արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել էր, ընթանում էին բանակցություններ: