Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրկին հաղորդում է կրակոցների մասին


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է պետական սահմանին իրավիճակը սրելու հայկական կողմի մտադրությունների մասին։ Ըստ ռազմական գերատեսչության` Լաչինի շրջանում հայկական կողմը «փորձել է սադրանք կազմակերպել»:

Սա Բաքվի այսօր արած արդեն երկրորդ հայտարարությունն է:

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է վերջ դնի սահմանին իրավիճակը սրելու նպատակով ձեռնարկվող ռազմական արկածախնդրությանը»,- հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տարբեր ուղղություններով:

Իսկ Հայաստանի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինված ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։

«Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ», - նշել էր գերատեսչությունը` շարունակելով, որ ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։

XS
SM
MD
LG