Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին՝ 10-րդ խաղում 1:4 հաշվով պարտություն կրեց Գերմանիայի ընտրանուց և մրցաշարն ավարտեց J խմբի 4-րդ հորիզոնականում:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կիրակի երեկոյան կայացած հանդիպման երկու խաղակեսերում հյուրերը 2-ական անգամ գրավեցին դաշտի տերերի դարպասը, Հայաստանի միակ գոլի հեղինակը դարձավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը 59-րդ րոպեին՝ 11-մետրանոցից:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը մրցաշարում հավաքեց 12 միավոր, որից 9-ը՝ առաջին երեք հանդիպումներում տարած անընդմեջ հաղթանակների արդյունքում, մնացած 7 խաղերում թիմն ընդամենը 3 միավոր վաստակեց՝ չհաղթելով խաղերից ոչ մեկում, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի և 4-ում պարտություն կրելով, այդ թվում 3-ում՝ խոշոր հաշվով:
J խմբի առաջին հորիզոնականը զբաղեցրեց աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիան՝ 27 միավորով, որը դեռ նախորդ տուրերում վաղաժամ ապահովել էր իր անցումը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Երկրորդ տեղը գրավեց և պայքարը շարունակելու հնարավորությունը պահպանեց Հյուսիսային Մակեդոնիան՝ 18 միավորով, Ռումինիան 17 միավորով երրորդն է: Հայաստանին 9 միավորով հաջորդում է Իսլանդիան, և մրցաշարային աղյուսակը 1 միավորով եզրափակում է Լիխտենշտեյնը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կապառոսը ներողություն է խնդրում երկրպագուներից Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն խոշոր հաշվով պարտվելու համար