Մատչելիության հղումներ

Ֆուտբոլ. Հայաստանը սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ խոշոր՝ 0:5 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:

Հինգշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսում հյուրերը դաշտի տերերի դարպասը գրավեցին երկու, երկրորդում՝ երեք անգամ, որից երկուսը՝ 11-մետրանոցից:

Այս հաղթանակից հետո Հյուսիսային Մակեդոնիան 15 միավորով շարունակում է Ռումինիայի հետ պայքարը J խմբի երկրորդ տեղի համար: Ռումինիան այս պահին ունի 13 միավոր և ուշ երեկոյան Բուխարեստում ընդունելու է Իսլանդիայի հավաքականին:

Հայաստանի ընտրանին, որը գարնանը առաջին երեք խաղում երեք հաղթանակից հետո 9 միավորով J խմբի միանձնյա առաջատարն էր, այժմ 12 միավորով չորրորդն է, և մեծ է հավանականությունը, որ այդ տեղում էլ կավարտի մրցաշարը: Աշնանն անցկացրած 6 հանդիպումներում Խոակին Կապառոսի սաներն ընդամենը 3 միավոր են վաստակել՝ ոչ մի հաղթանակ չտոնելով, պարտվելով և ոչ-ոքի խաղալով երեքական հանդիպումներում:

Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին հանդիպումը ևս Հայաստանի հավաքականը կանցկացնի սեփական հարկի տակ՝ նոյեմբերի 14-ին ընդունելով Գերմանիայի ընտրանուն, որն արդեն իսկ իր համար ապահովել է առաջին տեղը J խմբում և մասնակցությունը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Հայաստանին մրցաշարային աղյուսակում 8 միավորով հաջորդում է Իսլանդիան, Լիխտենշտեյնը 1 միավորով եզրափակում է աղյուսակը:

XS
SM
MD
LG