Համավարակի բռնկումից հետո «Գյումրի» բժշկական կենտրոնում արդեն երրորդ անգամ է վերաբացվել կովիդ բաժանմունքը, որտեղ հիմնականում ընդունում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին։
«Մենք որպես կանոն, թեթև հիվանդ չունենք, միջին ծանրության հիվանդ չունենք։ Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ են, որոնք միացված արհեստական շնչառության ապարատներին, որոնք, բացի շնչառական խնդիրներից, նաև ունենում են հարակից բարդություններ կամ քովիդի արտահայտման ձևեր, ասենք՝ սրտի ռիթմի խանգարման տեսքով, սրտամկանի ինֆարկտի տեսքով, կամ ինսուլտի տեսքով։ Այսինքն՝ մեծ մասամբ մենք էստեղ չենք խոսում լավացման մասին, մենք խոսում ենք կյանքը փրկելու մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց քովիդ բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանը։
«Գյումրի» բժշկական կենտրոնին միավորված ինֆեկցիոն հիվանդանոցնում 100 մահճակալ կա, որտեղ համեմատաբար թեթև ընթացք ունեցող հիվանդներն են բուժվում: Արմեն Խաչատրյանն ասում է՝ երբեմն ստիպված են լինում մահճակալներ ավելացնել. - «Օր ենք ունենում, երբ մենք երկու բաժանմունքներում էլ 120 տոկոս ծանրաբեռնվածությամբ ենք աշխատում, որովհետև իրականում հիվանդները շատ են լինում, և երբեմն հարյուր մահճակալին ևս մի քանի մահճակալ է ավելանում...»
Շիրակի մարզում այս պահին տնային բուժում է ստանում 840 վարակակիր։
Բժիշկն ասում է՝ հիվանդանոցային բուժում ստացողների մեջ արդեն բավականին մեծ թիվ են կազմում երիտասարդները։ Նաև մահվան դեպք են ունեցել. - «Ունեցել ենք լիքը հիվանդներ ջահել, ամենափոքրը կարծեմ տասնութ տարեկան։ Հիմա էլ ունենք պառկած ջահելներ՝ բավականին ծանր ընթացքով, թոքային հյուսվածքի շատ ախտահարումներով»։
Արդեն երկու տարի քովիդով հիվանդներին բուժող բժիշկն այժմ իրավիճակը չափազանց լարված է համարում նաև բուժանձնակազմի համար, քանի որ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների թիվն է մեծ:
Բացի այդ, հիվանդության ընթացքն է անկանխատեսելի է, երբեմն ոչ այնքան վատ վիճակում գտնվող հիվանդի վիճակը կտրուկ վատանում է։
Արմեն Խաչատրյանը փաստում է՝ հիվանդանոցում հայտնվող մարդիկ հիմնականում պատվաստված չեն։ Այդուհանդերձ եղել են նաև 2 դեղաչափը ստացած ծանր հիվանդներ: Պատվաստաված, բայց հիվանդության ընթացքը ծանր տարած պացիենտները իրականում պատվաստված եղել են, թե ոչ հարցի պատասխանը բժիշկը չուներ: Վերջերս իրավապահները կեղծ պատվաստումների հարյուրավոր դեպքեր բացահայտեցին, այդ թվում Գյումրիում։
«Երկու դեղաչափով ունեցել ենք թոքային հյուսվածքի բավականին մեծ ախտահարումով, բայց բարեբախտաբար, իրենք դուրս են եկել էդ վիճակից։ Մեծ մասը հիվանդների չպատվաստվածներն են։ Պատվաստվածները քիչ են շատ։ Որպես կանոն, պատվաստվածները շատ ծանր ընթացք չեն ունենում, որ մենք տեսնենք իրենց»։
Հայաստանում պատվաստումների ցուցանիշը շարունակում ցածր մնալ, ամբողջական դոզան ստացել է բնակչության գրեթե 10-ը տոկոսը։
Շարունակում է մտահոգիչ մնալ մահվան վիճակագրությունը։ Վերջին մեկ օրում քովիդը երկրում 70 մարդու կյանք է խլել. սա մինչ օրս գրանցված օրական ամենամեծ թիվն է։
Վիրուսից մահվան դեպքերը արդեն հասնում են 7000-ի, մոտ 1400 մարդ էլ լինելով վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ հիվանդության հետևանքով։