Ադրբեջանական կողմն այսօրվանից սկսել է Գորիս-Կապան ճանապարհի «Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ»: Այս մասին այսօր կառավարության նիստին տեղեկացրեց Հայաստանի վարչապետը՝ նշելով, որ հայկական կողմը ծանուցում է ստացել ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից։
Օգոստոսից Ադրբեջանն արդեն մաքսատուրքեր էր գանձում այդ ճանապարհով անցնող իրանցի վարորդներից։
«Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ատվոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը: Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ», - մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:
Թեև պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա առայժմ տեղի չի ունեցել, սակայն վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանը մաքսակետ է տեղադրել ճանապարհի իր հատվածում և ոչ Հայաստանի տարածքում։
«Խոսքը Էյվազլիի հատվածի մասին է: Հիմա կարող է այլ հարց ծագել` իսկ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր. հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար», - ընդգծեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խնդրո առարկա կետերը գտնվում են ՀՀ տարածքից դուրս. Փաշինյանը` Էյվազլի և Չայզամ տեղանունները կիրառելու մասին44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը և Թուրքիան բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանը պետք է հնարավորություն ունենա «Զանգեզուրի միջանցքով» անարգել կապվել Նախիջևանի հետ, սակայն Հայաստանն իր հերթին նշել է, որ «միջանցքային տրամաբանություն» չի քննարկվել և չի քննարկելու։
«Սա ֆիքսված է փոխվարչապետերի եռակողմ` Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան ֆորմատում, և կարևոր է նաև նշել, որ վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնությունը, և հենց այս համատեքստում է թերևս Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը», - նկատեց նա:
Կա սահմանների վերաբերյալ ընդհանուր ողջամիտ պատկերացում. Արմեն Գրիգորյան
Եթե չի իրականացվել դելիմիտացիա, ի՞նչ փաստաթղթերի վրա հիմնվելով է Հայաստանը համարում, որ Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածը հայկական չէ, Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ կա սահմանների վերաբերյալ ընդհանուր ողջամիտ պատկերացում՝ հիմնված Խորհրդային Հայաստանի սահմանների վրա։
«Հասկանալի է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք ունենք պատկերացում այդ սահմանի, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է, և այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը», - այսօր ասաց Արմեն Գրիգորյանը:
Ո՞ւմ են ստուգելու Հայաստանի մաքսային ծառայությունները այդ ճանապարհին, ըստ Արմեն Գրիգորյանի՝ ադրբեջանցիներին, եթե նրանք անցնեն ճանապարհի այդ հատվածով։ Իսկ եթե Հայաստանի քաղաքացիներին, այնուամենայնիվ, թույլատրվի անցնել Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածով, նրանք ըստ Արմեն Գրիգորյանի՝ հնարավոր է տուրքեր վճարեն։
«Սահմանակետերը, որոնք հնարավոր է, որ տեղադրվեն, հնարավոր վճարի դեպքում` քաղաքացիները վճարելով դրանք, կարող են անցնել, բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, այսինքն` Կապան-Տաթև ճանապարհն ամբողջովին վերանորոգված է, և երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա քաղաքացիների համար, բնականաբար, ամբողջովին հարմար է, որ օգտագործեն այդ ճանապարհը», - նշեց նա:
Երեկ Հայաստանը պաշտոնապես հայտարարեց, որ ավարտվել է Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհը։ Կառուցվում են նաև այլ ճանապարհներ, որոնք կփոխարինեն այսօրվանից փակված ճանապարհով Կապանին ու Գորիսին միացող գյուղերի բնակիչներին, վստահեցնում են պաշտոնյաները։
Գորիս -Կապան ճանապարհի հատկապես Էյվազլիի հատվածից մեծ կախում ունեին երեք գյուղեր՝ Որոտանը, Շուռնուխն ու Բարձրավանը: Առնվազն 3 ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում գյուղի բնակիչները նշում էին, որ այլընտրանքային ճանապարհ կոչվածն անտառային արահետ է, որն անանցանելի է դառնում վատ եղանակին։
«Մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է, և այդ հարցը հնարավորինս արագ կլուծենք», - հավաստիացնում է գործադիրի ղեկավարը:
Պետք է աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ. ՄԻՊ
Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարություններին արձագանքել է օմբուդսմեն Արման Թաթոյանը, նշելով. «Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել ադրբեջանցիների ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ»։
Հաջորդ հայտարարությամբ Թաթոյանը հարց է բարձրացնում՝ «միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջանական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»: ԱԽ քարտուղար Գրիգորյանի խոսքով՝ անգամ 20-ականների Հայաստանի քարտեզներով ճանապարհի այս հատվածը հայկական չի եղել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիս-Կապան ճանապարհը մեր ճանապարհն է՝ բացառությամբ երկու հատվածի, որ վիճարկվող է. ՍանոսյանԳորիսը Կապանին կապող ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ մասեր Հայաստանում պաշտոնական մակարդակով սկսեցին անվանել «վիճահարույց» այս տարվա օգոստոսին, երբ Ադրբեջանը սկսեց իրանցի վարորդներից մաքսատուրքեր գանձել և մի պահ փակեց ճանապարհը նաև հայ վարորդների համար, շաբաթներ անց արդեն՝ սեպտեմբերի 15-ին Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Էյվազլին ու Չայզամը Հայաստանի Հանրապետության տարածքում չեն»։
Այդուհանդերձ, 2 ամիս առաջ վարչապետը չէր ասել, թե Հայաստանը վիճահարույց ճանապարհն օգտագործում է ժամանակավոր, մինչև պատաստ կլինի Տաթևով անցնող այլընտրանքային ճանապարհը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ սահմանապահները արգելում են հայկական համարանիշներով մեքենաներին երթևեկել Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածով