Երևանն ու Բաքուն հակիրճ մանրամասներ են հաղորդում երեկ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը միայն տեղեկացնում է, որ Արարատ Միրզոյանն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարությունը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ՝ հաշվի առնելով տարածաշրջանային նոր իրողությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան. ԼՂ հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհովՖրանսիայի արտգործնախարարի հյուրընկալությամբ հանդիպմանը մասնակցել են նաև Մինսկի խմբի համանախագահները, որոնց Արարատ Միրոզյանը նաև առանձին է հանդիպել, դատապարտել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության վրա հարձակումները, որոնք հանգեցրել են զոհերի, ինչպես նաև անընդունելի է համարել շարունակական հայատյաց հռետորաբանությունը: Ըստ հայկական կողմի հաղորդագրության, Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններում Միրզոյանը վերահաստատել է սադրանքների ու հայատյաց վերաբերմունքի մասին պնդումները։
Բայրամովը, ըստ Բաքվի, հակառակ կողմին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ։ Ադրբեջանը հանդիպումից այլ փակագծեր չի բացել։
Ֆրանսիական կողմը, ըստ Փարիզի, ցանկություն է հայտնել աջակցել կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության՝ ընդգծելով, որ այս նպատակին հասնելու համար Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերին։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը նաև հայտնել է, որ եռանախագահների մասնակցությամբ երեք արտգործանախարարների հանդիպմանը նախորդել են Ժան-Իվ Լը Դրիանի առանձին հանդիպումները Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետՄիրզոյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպմանը ևս շեշտել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ Իսկ Բայրամովը, ըստ Բաքվի հաղորդագրության, Ֆրանսիայի արտգործնախարարին ներկայացրել է եռակողմ հայտարարության դրույթների՝ Ադրբեջանի կողմից միակողմանի կյանքի կոչումը։
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք Միրզոյանն ու Բայրամովը նախապատարաստում են Փաշինյան - Ալիև հանդիպում՝ ասելով. - «Այդ առումով թերևս արտգործնախարարությունը համապարփակ պատասխան տա։ Բայց մեր պաշտոնական դիրքորոշումը բազմիցս հնչեցված այն է, որ կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բարձր և բարձրագույն մակարդակներով բանակցություններ վարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Եվ բնականաբար, այս ամենը նաև փոխանցվում է նմանատիպ հանդիպումների ընթացքում»։
Նրա խոսքով, Երևանը պատրաստ է նաև դելիմիտացիայի հարցով սկսել բանակցություն, բայց դա չպետք է կապել ղարաբաղյան կարգավորման հետ. - «Ղարաբաղյան հիմնախնդիրը տարածքային վեճ չէ, դա ինքնորոշման հարց է և դա որևէ կապ չունի դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ։ Դա առանձին հարց է, բայց բնականաբար դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ կապված մենք նույնպես բազմիցս հայտարարել ենք, որ մենք ուզում ենք դա, դա Հայաստանի Հանրապետության օրակարգն է։ Դա, ի թիվս այլ հարցերի, նաև մեր քարոզարշավի ժամանակ ենք մենք բարձրաձայնել, ստացել ենք մանդատ ժողովրդից իրականացնելու այդ գործընթացը»։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։ Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին պատերազմից մեկ տարի անց՝ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, պայմանավորվել նորից հանդիպել։
Արարատ Միրզոյանը գոհունակությամբ էր ամփոփել այդ բանակցությունները. - «Այս ձևաչափով քննարկումների, բանակցային գործընթացի վերսկսումը միանշանակ ողջունելի է և միանշանակ բխում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի շահերից։ Եվ փաստում ենք մեկ անգամ ևս, որ խնդիրը իրականում լուծված չի։ Գիտեք, որ Ադրբեջանից սիրում են ասել, որ խնդիր այլևս գոյություն չունի։ Կարծում եմ նաև, որ սա մի վկայություն է, մի քիչ գուցե վերամբարձ հնչի, բայց աշխարհի կողմից, միջազգային հանրության կողմից ևս մի հավաստիացում է այն մասին, որ խնդիրը գոյություն ունի և խնդիրը լուծում պահանջում է»։