Մատչելիության հղումներ

Միրզոյան. ԼՂ հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ երեկ կայացած հանդիպմանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն` մանրամասնելով, որ հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, Ֆրանսիայի արտգործնախարարի հյուրընկալությամբ` Փարիզում:

Ավելի վաղ Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները հայտնել էին, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Ջեյհուն Բայրամովը, ըստ Բաքվի, հակառակ կողմին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։ Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին պատերազմից մեկ տարի անց՝ սեպտեմբերի վերջին` Նյու Յորքում, պայմանավորվել նորից հանդիպել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան), Բրիս Ռոքֆոյը (Ֆրանսիա) և Արարատ Միրզոյանն արդեն առանձին հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա:

Անդրադարձել է եղել համանախագահների՝ տարածաշրջան այցի կարևորությանը` իրավիճակին տեղում ծանոթանալու համատեքստում։ Նշվում է, որ նրանք առաջնահերթ են համարել տարածաշրջանում դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։ Այս դիրքորոշումը Միրզոյանը վերահաստատել է հնգակողմ հանդիպման ժամանակ` նշելով նաև հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության, սադրանքների ու հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը:

Այս առումով Արարատ Միրզոյանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության վրա հարձակումները, որոնք հանգեցրել են զոհերի, ինչպես նաև անընդունելի է համարել շարունակական հայատյաց հռետորաբանությունը:


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև՝ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

XS
SM
MD
LG