Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Փարիզում են, բայց դեռ պարզ չէ՝ կհանդիպե՞ն արդյոք


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում են։ Դեռ պարզ չէ, սակայն, կլինի՞ արդյոք Միրզոյան-Բայրամով հանդիպում։ «Ազատությանը» առայժմ չի հաջողվել պարզել դա։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը մեր զանգերին չի արձագանքում:

Պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարել են միայն, որ արտգործնախարարները տարբեր ֆորմատներով հանդիպումներ կունենան։ Նրանք Ֆրանսիայում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։

44-օրյա պատերազմից մոտ մեկ տարի անց առաջին անգամ այս տարվա սեպտեմբերին էին հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանո ներքո։ Հանդիպումից հետո սպասվում էր համանախագահների այց տարածաշրջան և նոր հանդիպման պայմանավորվածություն։

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, որ այս հարցում խոչընդոտ ստեղծում է Ադրբեջանը. - «Վերջերս՝ նախորդ շաբաթ կամ այս շաբաթ, Միացյալ Նահանգներից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, և պատվիրակության կազմում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, և ես այդ հարցը բարձրացրեցի, թե ինչո՞ւ այցելությունը մինչև այս պահը տեղի չի ունեցել։ Եվ նա ասեց, որ իրենք աշխատում են այցը իրականացնելու ուղղությամբ։ Եվ ես կարծում եմ՝ այո, ժամանակ անցել է, կարծում եմ՝ կարող էր արդեն տեղի ունեցած լինել, ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ»։

Մինչդեռ Բաքուն նոր՝ «3+3» ձևաչափի մասին է խոսում։ Տարածաշրջանային 6 երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությունը ենթադրող ձևաչափի մասին հաճախ խոսում են նաև Անկարան ու Մոսկվան։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը շեշտում է՝ Մինսկի խմբի ձևաչափով ցանկացած հանդիպում հայկական կողմի շահերից է բխում:

«Մինսկի խումբը ձևավորվել է հստակ մանդատով՝ կարգավորել արցախյան հակամարտությունը, հետևաբար, ցանկացած հանդիպում այս ձևաչափով, հստակ ուղերձ է բոլորին, այդ թվում նաև Ադրբեջանին, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ և արցախյան հակամարտությունը կա», - ասաց Պողոսյանը:

Միևնույն ժամանակ քաղաքագետը հիշեցնում է Բաքվից և անգամ Մոսկվայից հնչող հայտարարություններն այն շեշտադրմամբ, որ Մինսկի խմբի ձևաչափը պետք է օգտագործել առավելապես հումանիտար հարցերը լուծելու համար. «Մեր համար կա վտանգ, որովհետև սա փաստացի նշանակում է որոշակի Մինսկի խմբի մանդատի փոփոխություն: Ստացվում է, որ Մինսկի խումբը քաղաքական հարցերի կարգավորման մանդատից կարող է դե ֆակտո սկսել զբաղվել այլ հարցերով: Հիմա ի՞նչ պետք է անի հայկական կողմը, պետք է այստեղ գտնել ոսկե միջին և նույնիսկ, եթե Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը որևէ քաղաքական հարց չի պատրաստվում քննարկել, ապա պետք է հանդիպումների ընթացքում անպայման մեր կողմից բարձրացնել քաղաքական հարցեր, թեկուզ Ադրբեջանը հրաժարվի քննարկումից»:

Մինչ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունն է հայտարարել, որ նոյեմբերի 12-ին Փարիզում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում երկու համանախագահ երկրների աշխատանքի շրջանակում:

XS
SM
MD
LG