Բելառուսի և Լեհաստանի սահմանների իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ։ Վարշավան լրացուցիչ զորքեր է կուտակել սահմանի երկայնքով՝ Բելառուսից ներգաղթյալների հոսքը կանխելու համար։
Նախօրեին շուրջ չորս հազար միգրանտներ Բելառուսի տարածքից փորձել են հատել Եվրամիության անդամ Լեհաստանի սահմանը։ Նրանք սահմանակետ են հասել բելառուսցի զինվորականների ուղեկցությամբ։
Լեհական իշխանությունները սահմանների երկայնքով մեկ ավելի վաղ տեղակայված զինվորականների թիվը 12 հազարից հասցրել են 15 հազարի՝ զուգահեռ ուժեղացրել վերահսկողությունը, ավելացրել փշալարարերը։
Չնայած անվտանգային այս միջոցառումներին, միգրանտները երեկ կեսօրից սկսած պարբերաբար փորձել են ներթափանցել երկիր՝ բախվելով ուժայինների դիմադրությանը։ Կան մի խումբ ձերբակալվածներ, այսօր հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը։
Լեհական սահմանապահները հայտնում են մի խումբ անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ Ռուսաստանի, Շվեդիայի և Լիտվայի քաղաքացիների, որոնք, ինչպես հաղորդվում է, հանցակցել են Բելառուսից միգրանտների տեղափոխությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանում ձերբակալվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքացիներԼեհաստանն ու Եվրամիության անդամ մի շարք երկրներ ստեղծված իրավիճակի համար մեղադրում են Լուկաշենկոյի վարչակազմին՝ պնդելով, որ Բելառուսի իշխանությունները միտումնավոր մեծ թվով միգրանտների են տեղափոխում Մերձավոր Արևելքից, Աֆղանստանից, Աֆրիկայից և ուղեկցում նրանց դեպի ԵՄ-ի անդամ հարևան երկրների սահմաններ։
Եվրամիության պաշտոնյաների համոզմամբ, Լուկաշենկոն այդկերպ վրեժխնդիր է լինում Բելառուսի դեմ պատժամիջոցների համար, որոնք սահմանվել էին ի պատասխան մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոտնահարումների։
Եվրոպական հատուկ ծառայությունների տվյալներով՝ վերջին շրջանում կտրուկ ավելացել են Մերձավոր Արևելքից դեպի Մինսկ չվերթների թիվը՝ շաբաթական մինչև հիսուն չվերթ, այն դեպքում, երբ մինչև ամառ մերձավորարևելյան տարածաշրջանից դեպի Բելառուս չվերթներ գրեթե չեն իրականցվել։
Լեհստանի վարչապետ Մատեուշ Մորացվեցկին, երեկ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, թե ստեղծված ճգնաժամը վերջին երեք տասնամյակների ընթացքում լեհական պետության և կայության դեմ ամենալուրջ հարձակումն է։
«Սահմանի արևելյան հատվածում մենք գործ ունենք ոչ միայն բռնության, այլ նաև բեմադրության հետ, որի նպատակը սահմանները խախտելն ու Եվրամիությունում քաոս ստեղծելն է», - հայտարարել է Լեհաստանի առաջնորդը։ Նրա խոսքերով՝ Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոն պարզապես Պուտինի առաջադրանքն է կատարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանն օրինականացրեց երկրի սահմաններին միգրանտների արտաքսումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ին մտահոգում է ապօրինի միգրանտներին արտաքսելու մասին Լեհաստանի ընդունած օրենքըԼեհաստանի իշխանությունների տվյալներով՝ ամիսներ շարունակ սահմանային լարվածության արդյունքում երկիր է ներթափանցել մերձավորարևելյան երկրների 1800 քաղաքացի, որոնք պահվում են փախստականների համար նախատեսված կենտրոններում։
Ըստ պաշտոնական Վարշավայի, նրանք, սակայն, պատերազմից փրկված փախստականներ չեն, այլ ներգաղթյալներ են, որոնց Բելառուսի իշխանությունները խոստացել են տեղափոխել Եվրամիություն։
Մոսկվան ու Մինսկը կտրականապես հերքում են Եվրամիության սահմաններին ներգաղթյալների ճգնաժամում իրենց դերակատարությունը։ Սեփական քաղաքացիների հանդեպ աննախադեպ բռնաճնշումներով հայտնի Ռուսաստանն ու Բելառուսը, ի պատասխան, մարդասիրությունից են խոսում և հայտարարում, թե Արևմուտքը անողոքաբար մերժում է ցրտաշունչ ձմռանը բաց երկնքի տակ հայտնված փախստականներին ապաստան տրամադրելու խնդրանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության և Լեհաստանի վեճը հասել է ԵվրախորհրդարանԼուկաշենկոն այսօր, անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին, ասել է․ - «Նրանք [ներգաղթյալները] Բելառուսում են «անցք» գտել։ Ցանկանում են Բելառուսով անցնել [Եվրոպա]։ Նրանք մեզ մոտ են գալիս միանգամայն օրինական։ Նրանք ժամանում են օդանավայական, որտեղ հավաքական Արևմուտքը թույլ չի տալիս իր ընկերություններին։ Այսինքն՝ իրենք իրենց համար փակել են բելառուսական օդանավակայանը։ Սուրբ տեղը դատարկ չի մնում։ Այստեղ են շտապում տասնյակ օդանավեր Մերձավոր և Հեռավոր արևելքից, ռմբակոծված պետություններից», - հայտարարել է Բելառուսի առաջնորդը։
Նրան աջակցող դաշնակից Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ երեկ հայտարարել է, թե ներգաղթյալների ճգնաժամը հանգուցալուծելու համար Բրյուսելը կարող էր ֆինանսական աջակցություն տրամադրել Մինսկին, ինչպես Թուրքիային էր տրամադրել։
«ԵՄ-ի համար անընդունելի է ներգաղթյալներին քաղաքականացնելու ցանկացած փորձ»
«Անպաշտպան ներգաղթյալներին հիբրիդային հարձակումների համար օգտագործելը անցնում է բոլոր սահմանները։ Եվրամիության համար անընդունելի է ներգաղթյալներին քաղաքականացնելու ցանկացած փորձ», - Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որն այսօր այցելում է Լեհաստան՝ ճգնաժամին տեղում լուծումներ գտնելու նպատակով։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր հերթին դաշինքի անդամ երկրներին հորդորել է՝ հավանություն տալ Բելառուսի իշխանությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու առաջարկին։
«Ռոյթերզի» տվյալներով՝ Եվրամիության սև ցուցակում կարող են հայտնվել ճգնաժամի հետ առնչություն ունեցող երեք տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում՝ Բելառուսի արտգործնախարարը, «Բելավիա» պետական ավիաընկերությունը, որը կասկածվում է միգրանտների փոխադրումներն իրականացնելու մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը պաշտոնապես փակում է իր օդային տարածքը «Բելավիա»-ի դիմաց ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Reuters. Բելառուսի արտգործնախարարը կարող է հայտնվել ԵՄ նոր պատժամիջոցների թիրախումԲրիտանացի քաղաքագետ Ալեքս Շչերբյակի գնահատմամբ, Բելառուսի ավտորիտար առաջնորդը փորձում է ներգաղթյալների ճգնաժամը օգտագործել՝ միջազգային մեկուսացումը թուլացնելու նպատակով, սակայն, վերջում կարժանանա հակառակ արդյունքին։ Այս մասին Շչերբյակը խոսել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
«Կարծում եմ Լուկաշենկոն կցանկանար, որպեսզի Եվրամիությունը և Արևմտյան միջազգային հանրությունը ինչ-որ կերպ վերջ տային իր միջազգային մեկուսացմանը։ Նկատի ունեմ գումար վճարել՝ խնդիրը լուծելու համար։ Պատժամիջոցների թուլացում։ Դա, կարծում եմ, շատ լավ ձև կլիներ, նման քայլեր նա կցանկանար տեսներ՝ ճգնաժամին վերջ տալու համար։ Որքանո՞վ է դա իրատեսական, կարծում եմ՝ ոչ այնքան»,- շեշտել է բրիտանացի քաղաքագետը։