Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ին մտահոգում է ապօրինի միգրանտներին արտաքսելու մասին Լեհաստանի ընդունած օրենքը


Իրաքից փախստականներ Լեհաստանում, հոկտեմբեր, 2021թ.
Իրաքից փախստականներ Լեհաստանում, հոկտեմբեր, 2021թ.

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը խորը մտահոգություն է հայտնել ապօրինի միգրանտների արտաքսման մասին Լեհաստանի խորհրդարանի ընդունած օրենքի կապակցությամբ։ Կառույցի գնահատմամբ՝ լեհական օրենքը խարխլում է ապաստանի հիմնարար իրավունքի մասին միջազգային և եվրոպական օրենսդրությունը։

«Լեհաստանի կողմից ընդունված օրենքը, որն իբր պատասխան է Եվրամիության և Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակին, հակասում է միջազգային իրավունքին ու Եվրամիության օրենսդրությունը, և այն է՛լ ավելի կխորացնի ստիպված փախուստի դիմած մարդկանց տառապանքները», - հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիսթին Գոյերը։

Նա վկայակոչել է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան, որում հստակ նշվում է, որ ապաստան փնտրող մարդիկ չպետք է պատժի ենթարկվեն սահմանը ապօրինի հատելու համար։ «Սահմանի ապօրինի հատումը պետությանը չի ազատում ապաստանի իրավունքի վերաբերյալ միջազգային պարտավորություններից», - շեշտել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Լեհական խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն՝ սահմանն ապօրինի հատած միգրանտները կձերբակալվեն և կարտաքսվեն երկրից։ Նորամուծությունը լեհական իշխանություններին հնարավորություն է ընձեռում նաև չուսումնասիրել ապաստան տրամադրելու մասին միջնորդությունները, որոնք ստացվել են սահմանի ապօրինի հատումից հետո, եթե դիմումատուն չի ժամանել մի վայրից, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում։

Վերջին շաբաթներին Վարշավան հազարավոր զինվորականների է տեղակայել երկրի սահմաններին, փշալարեր անցկացրել և արտակարգ դրություն մտցրել՝ արգելելով լրագրողների ու հումանիտար կազմակերպությունների մուտքը 400 կիլոմետր երկայնքով սահման։

Օգոստոսից հազարավոր միգրանտներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից, փորձում են Բելառուսի կողմից հատել լեհական սահմանը։ Թե ինչպես են ապօրինի միգրանտները հայտնվում Բելառուսի տարածքում, պաշտոնական Մինսկը չի պարզաբանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG