Մեծածավալ քննության հետ գործ ունենք երկու գործի պարագայում էլ. Գլխավոր դատախազի խորհրդական

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան

Իրավապահները շուրջ մեկ տարի է քննում են Հայաստանի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետի սպանությունը նախապատրաստելու և 2020-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին դաժան ծեծի ենթարկելու քրեական գործերը։ Չնայած կան մեղադրյալներ, բայց գործերը դեռևս դատարաններ չեն ուղարկվել։

Ուղիղ մեկ տարի առաջ, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին, նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը, Ազգային ժողովի մոտակայքում դաժան ծեծի ենթարկվեց այն ժամանակ խորհրդարանի խոսնակ Միրզոյանը։ Նրա ծեծի գործով կա երկու մեղադրյալ, իրավապահները չեն հայտնում նրանց անունները։

Չնայած դեպքից մեկ տարի է անցել, Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պնդում է, որ քննությունը չի դանդաղում. - «Մեծածավալ քննության հետ գործ ունենք երկու գործի պարագայում էլ։ Գործը բազմադրվագ է եղել, և էս իմաստով ծավալուն գործողություններ են շարունակվել և այսօր էլ շատ ակտիվ ձևով ընթանում են։ Մյուս գործով անընդհատ դատական պրոցեսների մեջ էինք, հիմնականում էդ խափանման միջոցների, բաների հետ կապված։ Բնականոն հունով շարունակվել է գործը, էս պահի դրությամբ էլ շարունակվում է։ Եվ նման գնահատակնների հետ, ըստ էության, մենք չեն կարող համաձայնել»։

Նինա Կարապետյանց

Հեղափոխությունից հետո արդարադատության ոլորտում լուրջ բարեփոխումներ պահանջող իրավապաշտպաններից մեկը՝ Նինա Կարապետյանցը երկրի առաջին դեմքերին առչվող քրեական գործերով դատավճիռներ չունենալը համարում է անվտանգության հարց։ Նա շարունակում է քննադատել իրավապահներին գործերը չբացահայտելու համար. - «Անվտանգության տեսակետից ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին չի կարող իրեն անվտանգ զգալ, չի կարող վստահել իրավապահ մարմիններին, դատախազությանը, այն դեպքում, երբ որ Արարատ Միրզոյանի վրա, այսինքն՝ Ազգային ժողովի նախագահի վրա հարձակում է տեղի ունենում, երբ երկրի վարչապետի, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք իրա նկատմամբ, վարչապետի վրա մահափորձի կազմակերպումն է բացահայտվում, և որևէ մեկը մեկ տարի անց պատասխանատվության ենթարկված չի։ Սա ինքնանպատակ չէ, սա անվտանգության խնդիր է, և սա քաղաքացու մոտ արդարացիորեն ձևավորում է անվստահություն իշխանությունների նկատմամբ»։

Արարատ Միրզոյանի ծեծի գործով կա երկու մեղադրյալ, իրավապահները նրանց անունները չեն բացահայտում, բայց «Ազատությանը» հայտնի է նրանցից մեկի՝ Արմավիրի մարզի 30-ամյա բնակիչ Ժիրիկ Սիրեկանյանի անունը, ով իր մեղքը չի ընդունում։

Նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը պնդում է, որ թեև եռակողմ հայտարարության մասին վարչապետ Փաշինյանի ֆեսյբուքյան գրառումից հետո, տեղեկանալով մայրաքաղաքում կատարվողի մասին, իր պաշտպանյալը ընկերների հետ շտապել էր Երևան, բայց ծեծի ժամանակ արդեն վերադարձած է եղել գյուղ. - «Ինքը չկա թե' էդ կադրերում, ինքը չկա թե' Ազգային ժողովի կադրերում։ Այսինքն՝ չկա որևէ նյութ, որը կարող է ներկայացնի Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ քննվում է քրեական գործը, որ Ժիրիկ Սիրեկանյանը մասնակցություն ունի այսինչ գործողության կատարմանը»։

Սիրեկանյանն այժմ ազատության մեջ է։ Փաստաբանը կարծում է, որ մեկ տարվա ընթացքում պետք է որ այս գործն արդեն դատարան հասած լիներ՝ առանց իր պաշտպանյալի դրվագի. - «Ստեղ ուղղակի, իմ պատկերացմամբ, մի քիչ իրենց համար դժվար է իրենց կայացրած որոշումը վերացնելու, ընդունելու սխալը։ Եվ հիմնական պատճառը տուժողի անձն է»։

Մեկ տարի է, ինչ ԱԱԾ-ն քննում է ինչպես Միրզոյանի ծեծի, մայրաքաղաղաքում սկիզբ առած անկարգությունների, այնպես էլ իշխանության յուրացման և վարչապետի սպանության փորձի գործը։ Այս վերջին գործով մեղադրյալ է նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ևս երեք հոգի։

Այժմ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Վանեցյանի փաստաբանի պնդմամբ, եթե իրավապահներն ապացույցներ ունենային, վաղուց կշտապեին գործն ուղարկել դատարան։

Լուսինե Սահակյան

Այս քրեական գործը քաղաքական հետապնդում որակած Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասում է, որ անցած ամիսներին իրենց ո'չ կանչել են ԱԱԾ, ո'չ էլ որևէ քննչական գործողություն են իրականացրել. - «Վաղուց արդեն հասած կլինեին դատական ակտի կայացմանը։ Խնդիրը նա չի, որ նրանք չունեին բավարար ապացույցներ, իրենք ընդհանրապես ապացույց չունեին և կարող էին գոնե թե հաստատել հիմնավոր կասկածի առկայությունը։ Եվ դատարանները փաստել են դա, որ ընդհանրապես որևէ ապացույց գոյություն չունի»։

Նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից մեկ շաբաթ անց ԱԱԾ-ն տարածեց մի հեռախոսային ձայնագրություն, որտեղ, ըստ իրավապահների, խոսում էին նախկին իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Ըստ ԱԱԾ-ի, մեղադրյալները քննարկել են վարչապետի սպանության և դրա իրականացման տարբերակները։ Ե'վ Արթուր Վանեցյանը, և' այս երեք գործիչները, որոնք բոլորն էլ ազատության մեջ են, հերքում են, թե փորձել են նախապատրաստել իշխանության յուրացումն ու վարչապետի սպանությունը։

Այս գործերի նախաքննությանը զուգահեռ նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործերով արդեն կան դատավճիռներ, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդականը։ Գոռ Աբրահամյանը փոխանցմամբ՝ յոթ անձ արդեն դատապարտվել է։

Նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործերով 53 մեղադրյալ է անցնում, 29-ի գործը դեռ նախաքննության փուլում է, մյուսների գործերը դատաքննության փուլում են։