Ռոբերտ Քոչարյանը հիմա դիմադրում է ոչ թե քաղաքական օրակարգի, այլ դիմադրում է ՀՀ-ին. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է` «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիմա դիմադրում է ոչ թե ինչ-որ քաղաքական օրակարգի, այլ դիմադրում է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին նա նշեց այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Քոչարյանը ներկայացրեց, որ երկու անգամ արդեն պատվաստվել է քովիդի դեմ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական» խմբակցության Անդրանիկ Քոչարյանին օրերս լուսանկարել էին խանութում` առանց պաշտպանիչ դիմակի: Օգտատերերը պատգամավորից հետաքրքրվել էին, թե ինչու դիմակ կրելիս չի եղել: Քոչարյանն «Ազատության» եթերում նշեց, որ ինքը երկու անգամ արդեն պատվաստվել է, ընդ որում երկու պատվաստանյութով ամբողջական չափաքանակով: Ինքն էլ խորհուրդ է տալիս քաղաքացիներիս ևս պատվաստվել:

«Արհամարհանք չէ նախարարի որոշմանը, ես արել եմ իմ քայլը, արել եմ երկու անգամ, հիմա էլ խորհուրդ եմ տալիս` գնան ու պատվաստվեն, ոչ թե կեղծ թղթեր ձեռք բերեն», - ասաց նա:

Ընդդիմության մասին


Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքին ու նրանց հայտարարություններին, թե Արցախի 70 տոկոսը կորցրած իշխանությունները պատրաստվում են առաջիկայում նոր զիջումների գնալ, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Արցախի 70 տոկոսի հետ կապված բանակցությունները վարում էին Արցախից Հայաստան տեղափոխված 2 անձնավորություն` Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ, դրա համար էլ մեր առաջնագծի ինժերենական կահավորանքը հենց այդ ողբերգական վիճակում է եղել, և գուցե հենց քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի պատճառները, թե ինչու էին այդ վիճակում հարավային հատվածում մեր ինժեներական կառույցները, որտեղ մենք ունեցանք ճեղքումներ: Այսօր այդ դիմադրության շարժումն իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ»:

Ի դեպ, պատգամավորը նկատեց` երկրորդ նախագահն այսօր առանց դիմակում է հրապարակում, իսկ օրեր առաջ դատարան չէր ներկայացել, քանի որ քովիդի ախտանշաններ էին նկատվել: «Շատ հետաքրքիր տրամաբանությամբ է շարժվում նախագահի պաշտոնը երբեմն զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը և հիմա դիմադրում է ոչ թե ինչ-որ քաղաքական օրակարգի, այլ դիմադրում է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև նա և իր թիմակիցները չեն պատկերացնում առանց իշխանության իրենց ՀՀ-ի ներսում օգտակար որևէ քաղաքական գործունեություն ծավալելու մեջ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում մեկնարկում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

«Մենք բոլորս մեր ջանքերը պետք է դնենք մեր սահմանների ամրապնդմանը»

Հարցին` Հայաստանի սահմաններին ի՞նչ է սպասվում, իշխանության ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք բոլորս մեր ջանքերը պետք է դնենք մեր սահմանների ամրապնդմանը, այն բանակի կայացմանը, որը մենք մեր անտարբերության, մեր մեծամտության պատճառով, երբեմնի հաղթանակած բանակը, որով հպարտանում էինք, որը պարտադրել էր 94-ի հրադադարը, մաշեցրեցինք այնքան, որ երբ պատերազմով պետք էր հարցերը լուծվեին, արդեն այն բանակը չէր, որը կարող էր դիմակայել այն բանակին, որը կառուցում էր մեր հարևան պետությունը»:

Այստեղ մտածել և դասեր քաղել է հարկավոր` ըստ ԱԺ պատգամավորի:

«94 թվականից սկսած մենք մաշեցնում էինք մեր հաղթանակները, հոկտեմբերի 27-ից մենք շարունակաբար կառուցում էինք այս պարտությունը», - ասաց նա` հավելելով, որ մի քանի օր բյուջեի փակ քննարկում է եղել խորհրդարանում` կորցրածը վերականգնելու, բանակի հիմքերը վերականգնելու մասին ևս տեղեկություններ են տրվել:

Այս տարիները պետք է օգտագործել անվտանգային միջավայրը փոխելու համար

Ռուսաստանը հրադադարի պահպանման ու իրականացման անվտանգային միջավայրի պահպանության մեր կարևոր գործընկերն է, ու այսօր էլ ամբողջ երկայնքով ծառայություն է իրականացնում այդ հրադադարի ռեժիմը պահպանելու համարը, որը խախտվեց այսօր Շուշիի մաույցներում, ասաց Քոչարյանը` անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուշիի մոտ կրակոցներից տուժած երեք քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՄԻՊ

«Այսօր խնդիր ունի Ռուսաստանը, լայնածավալ պատերազմի մասին չի խոսվում, այսպիսի միջադեպեր դեռ շատ են մեզ ուղեկցելու այս տարիների ընթացքում, բայց մենք պետք է դրանք օգտագործենք ոչ թե քաղաքական հնչողության վերածելու համար, այլ կորցրածը վերականգնելու, անվտանգային միջավայրը դարձնելու այնպիսին, որպեսզի չունենանք այսպիսի խժդժությունների միտված գործունեություն հակառակորդի կողմից», - ասաց Պաշտպանության հանձնաժողովի նախագահը: