Հարյուրավոր միգրանտներ այսօր փորձել են հատել Բելառուսի և Լեհաստանի սահմանը

Լեհաստան - Սիրիացի փախստականներ Բելառուսի հետ սահմանին, հոկտեմբեր, 2021թ․

Հարյուրավոր միգրանտներ երկուշաբթի օրը փորձել են հատել Բելառուսի և Լեհաստանի սահմանը, որտեղ վերջին օրերին իրավիճակը լարված է։ Բելառուսական իշխանությունները հայտնում են, որ միգրանտների մեծամասնությունը լքել է երկիրը, պաշտոնական Վարշավան, սակայն, հակադարձում է՝ պնդելով, որ նրանք սահմանը չեն հատել։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է միգրանտների շարասյունը զինվորական համազգեստով անձանց ուղեկցությամբ քայլում մայրուղով, որը տանում է դեպի սահմանակետ։

Հարևան երկրների սահմանին իրավիճակը սրվել է մի քանի ամիս առաջ՝ միգրանտների մեծ հոսքի պատճառով, որոնք փորձում են մուտք գործել Եվրամիության տարածք։ Վերջին մի քանի օրվա ընթացքում լեհ սահմանապահներն արձանագրել են սահմանի ապօրինի հատման ավելի քան 200 դեպք։

Լեհաստանի իշխանությունները, Բելառուսին սահմանակից Եվրամիության անդամ մյուս երկրները Մինսկին մեղադրում են սահմաններին ճգնաժամ ստեղծելու համար՝ պնդելով, որ Լուկաշենկոյի ռեժիմն ի պատասխան արևմտյան պատժամիջոցների կազմակերպում է միգրանտների տեղափոխում և օգնում նրանց հասնել մինչև լեհական սահման ու հատել այն։

Լեհաստանը սեպտեմբերին արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել Բելառուսի հետ սահմանին՝ տեղակայելով զինվորականներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանում ձերբակալվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքացիներ ՄԱԿ-ին մտահոգում է ապօրինի միգրանտներին արտաքսելու մասին Լեհաստանի ընդունած օրենքըԼեհաստանն օրինականացրեց երկրի սահմաններին միգրանտների արտաքսումը