Չնայած պաշտոնական Բաքուն պնդում է, թե Ադրբեջանում մնացած հայ գերիների թիվը հասնում է 4 տասնյակի, ավելին՝ Երևանն էլ առայժմ չի ներկայացնում գերիների իր պաշտոնական ցանկը ու հղում կատարում ադրբեջանական աղբյուրի վրա, Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանը վստահեցնում է՝ կան հստակ ապացույցներ, որ Բաքվում պահվող հայ գերիների թիվն առնվազ 3 անգամ շատ է. պաշտոնական Բաքվի և Երևանի նշած 40-ից բացի, ևս 80 հոգի, ըստ Սահակյանի, դեռ գերության մեջ է։ Այս անձանց 90 տոկոսը զինվորականներ են:
«Մեր իրավապաշտպանական գործունեության արդյունքում մենք կարողացել ենք հիմնավորել ևս 80 անձի գերեվարման հանգամանքը, ընդ որում՝ այդ 80-ից 44-ի պարագայում ունենք տեսանյութեր և լուսանկարներ, որոնց իսկությունը ստուգված է, որոնցում ներկայացված անձանց ինքնությունը պարզաբանված է, տեսանկարահանման կամ լուսանկարահանման վայրը և այլ հանգամանքները բացահայտված են: Այսինքն՝ մենք կասկած չունենք, որ 80 անձ ևս գերեվարված է եղել», - ասաց իրավապաշտպանը:
Երեկ հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերի ընկած հայ զինվորականների և քաղաքացիական անձանց անդրադառնալիս՝ մեղադրեց Ադրբեջանին նոյեմբերի 9-ի պայմանագրի պարտավորությունները չկատարելու մեջ։
«Պիտի ընդգծեմ, որ այսօր մեր հաստատված 40 գերիների մեծ մասը՝ 90 տոկոսը, գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, և մինչև այժմ ազատ չեն արձակվել՝ ի հեճուկս հայտարարության: Չկա այդպիսի տարբերակում նոյեմբերի 9-ից առաջ է գերեվարումը տեղի ունեցել, թե նոյեմբերի 9-ից հետո», - ասել է վարչապետը:
Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպանի խոսքով՝ սա չի նշանակում, թե հայկական կողմը միասնական դիրքորոշում չունի գերիների թվի հարցում, պարզապես չի պաշտոնականացրել այս թիվը։
«Մի առումով դա տրամաբանական է, որովհետև հայրենադարձությունը կարող է տեղի ունենալ, եթե երկիրը պաշտոնապես ընդունում է անձի գերեվարումը և դրանից հետո կազմակերպական կամ այլ աշխատանքներ են իրականացվում վերադարձի կապակցությամբ, սակայն մյուս կողմից մենք գիտենք, որ առայսօր Ադրբեջանը բարեխղճորեն չի գործել և չի հրապարակել Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո հայտնված բոլոր անձանց տվյալները», - ընդգծեց Սիրանույշ Սահակյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկմանԲաքվում շարունակում են պնդել, թե հայ գերիներ չունեն, 44-օրյա պատերազմից հետո գրավված տարածքներում մնացածներին էլ անվանում են ահաբեկիչներ։ Այս տարվա ընթացքում Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված հայ պահեստազորայինների մեծ մասը Ադրբեջանում դատապարտվեց 6 ամսից 4 տարվա ազատազրկման։ Ավելի ծանր մեղադրանքներով՝ 20 տարվա ազատազրկմամբ դատապարտվեցին լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանն ու Արցախի առաջին պատերազմի մասնակիցներ Ալյոշա Խոսրովյանն և Լյուդվիգ Մկրտչյանը։
Հայկական կողմը գերիների հարցով բողոքներ է ներկայացրել ոչ միայն Ստրասբուրգի, այլ նաև Հաագայի՝ ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Հաագայից Երևանը պահանջում է մինչև բուն դատաքննությունը միջոցներ ձեռնարկել, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի գերիներին, քաղաքացիական անձանց, փակի Բաքվի կենտրոնում բացված «Ռազմավարի պուրակը», որտեղ ներկայացված են 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինուժից գրաված զինտեխնիկան, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։ Ավելի քան 250 գանգատ էլ ներկայացվել է ՄԻԵԴ՝ գերիների նկատմամբ վերաբերմունքի, կյանքի իրավունքի խախտումների վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը Հաագայի դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ«Ինչ վերաբերվում է մյուս տեսակի գործերին, որոնք կարող են ներառել, օրինակ, խոշտանգումներ, դիտավորյալ սպանություններ, արտադատական սպանություններ, ապա այս առնչությամբ մենք ունենք շուրջ 300 զոհեր, և նրանց հետ կապված իրավական գործընթացներ ևս ընթանում են», - նշեց Սահակյանը:
Պատերազմից հետո Ադրբեջանը 113 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Գերիների մի քանի խմբերի վերադարձը տեղի էր ունեցել Բաքվին ականապատ որոշ դաշտերի քարտեզները փոխանցելուց հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 15 գերի վերադառնում է ՀայաստանՓաշինյանը երեկ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոստացավ, որ բոլորն էլ վերադառնալու են, հստակ ժամկետներ, սակայն չնշեց, ոչ էլ Երևանի քայլերի մասին խոսեց: - «Բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք նրանց վերադարձնելու համար և որևէ կասկած չկա, որ նրանք բոլորը կվերադառնան»:
Այս ամենին զուգընթաց չեն դադարում հարազատների բողոքի ակցիաները կառավարության շենքի դիմաց։ Շաբաթ օրը նրանք Փաշինյանի պատուհաններին էին փակցրել իրենց անհետ կորած կամ գերի ընկած զավակների լուսանկարները։