Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունն անհրաժեշտ կլինի միշտ․ Արմեն Սարգսյան

Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունն անհրաժեշտ կլինի միշտ, «Аргументы и Факты» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահը։

Չերնյակը մասնավորապես հետաքրքրվել է նախագահից, թե «ինչպե՞ս է գնահատում Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, և ինչքա՞ն երկար անհրաժեշտ կլինի նրանց ներկայությունն այնտեղ», Արմեն Սարգսյանը պատասխանել է՝ միշտ:

«Միշտ։ Չգիտեմ՝ կկարողանաք ճիշտ բառ գտնել՝ փոխանցելու իմ զգացողությունները: Ռուսական բանակը տասնամյակներով, հարյուրամյակներով գտնվում է այս տարածաշրջանում: Նրա ներկայությունը չափազանց կարևոր է: Այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից», - ասել է Հայաստանի նախագահը:

Արդեն մեկ տարի է հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են՝ եռակողմ հայտարարության համաձայն: Ըստ այդմ, նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը շահագրգռված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարացնելու հարցում. ՏԱՍՍ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր․ Ալիևի խորհրդական

«Ոչինչ հավերժ չէ՝ ո'չ վերջնական հաղթանակը, ո'չ վերջնական պարտությունը»

Խոսելով երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության պատճառներից նախագահը կրկին շեշտել է՝ մեծ հնարավորություն կար հաղթանակը վերածելու կայուն խաղաղության, «սակայն մենքը չօգտվեցինք դրանից և լրջորեն սկսեցինք հետ մնալ»:

«Ադրբեջանը, դեռ Հեյդարի Ալիևի ղեկավարությամբ, հասկացավ, որ իր առավելությունը նավթն է, և արեց ամեն բան՝ այն միջազգային շուկա հանելու համար: Արդյունքում, ժամանակի ընթացքում մենք կորցրեցինք բոլոր առավելությունները: Բացի այդ, Ադրբեջանը գնեց մեծ քանակությամբ զինամթերք, բացեիբաց, Թուրքիայի միջոցով մարտի դաշտ բերեց ՆԱՏՕ-ի զենքը, ողջ աշխարհից հավաքեց հազարավոր վարձկանների: Ես Բրյուսելում ուղիղ հարցրեցի իմ գործընկերներին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Հայաստանի դեմ պատերազմի է դուրս եկել: Բնականաբար, պատասխան չստացա»։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է հայ-թուրքական հաշտեցումը, թե՞ ամեն ինչ այլևս առհավետ կորած է, Արմեն Սարգսյանը պատասխանել է․ - «Պատասխանը տրիվիալ է՝ ոչինչ հավերժ չէ՝ ո'չ վերջնական հաղթանակը, ո'չ վերջնական պարտությունը: Այս աշխարհում ամեն բան հնարավոր է: Կարծում եմ՝ այս դեպքում նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Թուրքիան՝ հանդուրժողականություն մշակույթի, պատմության, հուշարձանների, հավատի, եկեղեցու և այլնի հանդեպ: Առանց դրա, առանց միմյանց հանդեպ հարգանքի ոչինչ չի ստացվի»:

Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հնարավոր համագործակցությունից, Արմեն Սարգսյանը շեշտել է՝ իր համար մինչև հիմա անհասկանալի է, թե ինչպես ստացվեց, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձավ այդ պատերազմի մասնակիցը: «Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ 30 տարվա հարաբերություններ ունի, անգամ իր զինվորներին է ուղարկել աշխարհի տարբեր տարածաշրջանների թեժ կետեր», - ընդգծել է նախագահը։

«Հայաստանի հարաբերությունները ինչ-որ երրորդ երկրի հետ թեորեմ է, իսկ Ռուսաստանի հետ՝ աքսիոմա»

Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա աշխարհի բոլոր երկրների հետ, ասել է Հայաստանի նախագահը։

Ընդգծելով, որ ցանկալի կլիներ, որ լուծվեին Ադրբեջանի հետ խնդիրները, չնայած դա դժվար է, վատ չէր լինի լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, ինչն ավելի բարդ է, Արմեն Սարգսյանը շեշտել է՝ սակայն բոլոր երկրների շարքում կա մեկը, որի հետ հարաբերությունները քննարկելն անիմաստ է. դա Ռուսաստանն է։

«Չի կարելի քննարկել այն, ինչ ապրիորի է: Մաթեմատիկայում կան թեորեմներ, սակայն կան նաև աքսիոմաներ: Հայաստանի հարաբերությունները ինչ-որ երրորդ երկրի հետ թեորեմ է, իսկ Ռուսաստանի հետ՝ աքսիոմա», - ասել է Արմեն Սարգսյանը։

Նախագահի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար կարող է հենակետային երկիր դառնալ՝ որոշակի ոլորտների զարգացման համար, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում էր:

«Որոշումը ճիշտ չէր»

Արմեն Սարգսյանը խոսել է նաև խորհրդարանական կառավարման համակարգից՝ շեշտելով նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի փոխելու որոշումը ճիշտ չէր՝ նշելով՝ արդյունքում ստացվեց, որ հանրապետությունն ավելի շատ վարչապետական դարձավ:

«Գործող Սահմանադրությունը շատ թերություններ ունի, և ինքս դրա փոփոխության կողմնակից եմ, որ այն հավասարակշռված լինի: Հակառակ դեպքում ապագայում այս ամենը կարող է հանգեցնել ծանր հետևանքների», - ասել է Արմեն Սարգսյանը:

2021-ի մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հոկտեմբերին պետք է աշխատեն հանրաքվեով ընդունել նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ. «Եվ ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդարադատության նախարարությունն առաջարկում է ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ